Մոլդովան չեղյալ է հայտարարում ԱՊՀ-ի հետ համաձայնագրերը
Մոլդովայի կառավարությունը սկսել է ԱՊՀ շրջանակներում ստորագրված տասնյակ համաձայնագրերը չեղյալ հայտարարելու գործընթաց, Jurnal TV հեռուստաալիքին հայտնել է արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Նիկոլայ Պոպեսկուն։ 

Նրա խոսքով՝ Մոլդովայի անկախության տարում ստորագրված այդ համաձայնագրերը չեն գործում կամ չեն կիրառվում ի շահ Մոլդովայի։

Միայն արտաքին գործերի նախարարության գծով չեղարկվելու է մոտ 20 համաձայնագիր։ Նա նշել է, որ մի շարք համաձայնագրերի լուծման ընթացակարգը որոշակի ժամանակ կպահանջի, քանի որ անհրաժեշտ կլինի հիմնավորել նման որոշման պատճառները:

«Մոլդովան հայտարարել է, որ անդամակցելու է ԵՄ-ին, և արտաքին քաղաքականության բոլոր նպատակները և միջազգային կազմակերպություններում մասնակցությունը ենթարկվելու են եվրաինտեգրման նպատակին»,- հայտարարել է Պոպեսկուն։ 
 
Փոխվարչապետը նշել է, որ Մոլդովան ԱՊՀ շրջանակներում կնքել է ավելի քան 300 տարբեր համաձայնագրեր:

Ավելի վաղ երկրի իշխանություններն արդեն խոսել էին քննարկելու անհրաժեշտության մասին՝ իմաստ ունի արդյոք երկրի մնալն ԱՊՀ-ում։

Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Իգոր Գրոսուն հուլիսին հայտարարել էր, որ Քիշնևը պետք է լրջորեն վերլուծի կազմակերպությունից դուրս գալու ելքը։ Մոլդովան այս տարվա ընթացքում անտեսում է ԱՊՀ և ԵԱՏՄ նիստերը, որտեղ հանդիսանում է որպես դիտորդ։