ՌԴ-ն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի անհաջող փորձարկում է կատարել Բայդենի՝ Կիև այցելությունից առաջ. CNN
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Ռուսաստանը իրականացրել է «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի անհաջող արձակում այն օրը, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այցելել է Կիև։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ երկու անանուն պաշտոնյաների։
Պաշտոնյաներից մեկն ասել է, որ Ռուսաստանը նախապես տեղեկացրել է ԱՄՆ-ին հրթիռային փորձարկումների մասին, որը կոչված էր խուսափելու կոնֆլիկտային իրավիճակներից։ Փորձարկումները ԱՄՆ-ի համար վտանգ չեն ներկայացրել և չեն դիտարկվում որպես «անոմալիա կամ էսկալացիա», ավելացրել է մեկ այլ աղբյուր:
Զրուցակիցներից մեկը հայտնել է, որ Ռուսաստանը փորձարկումներն անցկացրել է Ջո Բայդենի՝ Ուկրաինա այցելությունից անմիջապես առաջ։ Մեկ այլ պաշտոնյա ստույգ ժամանակը չի նշել՝ ասելով, որ դա տեղի է ունեցել փետրվարի 20-ին։
CNN-ը նշում է, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը շաբաթվա սկզբին շփվել են տարբեր խողովակներով, որպեսզի թույլ չտան կոնֆլիկտային իրավիճակներ։
Այսպես. ԱՄՆ-նտեղեկացրել է Ռուսաստանին Բայդենի՝ Կիև կատարելիք այցի մասին դրանից մի քանի ժամ առաջ, ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ «Մտքերի ոչ մի փոխանակում չի եղել։ Պարզապես ծանուցում և հաստատում, որ այն ստացվել է: Ոչ մի երաշխիք»,- ասել է Սալիվանը:
Ռուսաստանի իշխանություններն առայժմ չեն մեկնաբանել CNN-ի հրապարակումը։