Բայդենը հայտարարել է Ուկրաինային 500 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որն այցով գտնվում է Կիևում, հայտարարել է Ուկրաինային 500 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը։

Օգնության նոր փաթեթում կներառվեն հրետանային զինամթերք, հակատանկային համակարգեր և օդային դիտարկման ռադարներ, հաղորդվում է Սպիտակ տան կայքում: Ռազմական օգնության նոր փաթեթի մանրամասների մասին հայտնի կդառնա ավելի ուշ։ 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ ելույթի ժամանակ ամերիկացի առաջնորդը նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները լրացուցիչ պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ։

Իր հերթին Զելենսկին հայտնել է, որ հանդիպման ընթացքում նախագահները քննարկել են հեռահար զենքերի մատակարարման հարցը, ինչն ավելի վաղ դեռևս չի մատակարարվել Ուկրաինային։