ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ «Փարոս» սոցիալական աջակցության համակարգը տարիներ շարունակ բացասական ազդեցություն է ունեցել երկրի զարգացման վրա։
Նրա խոսքով՝ համակարգում գործող գնահատման չափորոշիչները մարդկանց երբեմն դրդել են թաքցնել իրենց ունեցվածքը կամ հրաժարվել տնտեսական գործունեությունից՝ սոցիալական աջակցությունը չկորցնելու համար։
«Փարոսը եղել է մեր երկրի ամենամեծ խնդիրը, ամենամեծ չարիքը՝ բառիս ուղիղ իմաստով»,- ասել է Թորոսյանը։
Որպես օրինակ՝ նախարարը նշել է Գավառի անասնապահության ոլորտը՝ ընդգծելով, որ «Փարոս» համակարգի գնահատման մեխանիզմները բացասաբար են ազդել անասնապահության զարգացման վրա։
Նրա խոսքով՝ եթե քաղաքացին ուներ, օրինակ, երկու կամ երեք խոշոր եղջերավոր անասուն, կարող էր զրկվել սոցիալական աջակցությունից։ Արդյունքում որոշ քաղաքացիներ նախընտրել են թաքցնել իրենց ունեցվածքը, գույքը գրանցել այլ անձանց անունով կամ հրաժարվել տնտեսական գործունեությունից՝ ամսական 29 հազար դրամի աջակցությունը պահպանելու համար։
«Այդ 29 հազար դրամը, կներեք, ոչ հիմա, ոչ հինգ տարի առաջ, ոչ էլ տասը տարի առաջ որևէ մեկին չի երջանկացրել»,- նշել է նախարարը։
Թորոսյանի խոսքով՝ նախկին համակարգում գործել են նաև այլ մեխանիզմներ, որոնք քաղաքացիներին խրախուսել են մնալ սոցիալական աջակցության համակարգում՝ սեփական եկամուտներն ավելացնելու փոխարեն։
Նա ընդգծել է, որ կան ընտանիքներ, որոնք դեռևս 1993 թվականից ընդգրկված են «Փարոս» համակարգում։
«Մենք ունենք ընտանիքներ, որոնք 1993 թվականից «Փարոս»-ի մեջ են։ Պատկերացնո՞ւմ եք՝ տատն ունեցել է «Փարոս», երեխաներն են ունեցել, թոռներն ունեն։ Ինչպե՞ս կարելի է դրա հետ համակերպվել և ասել, որ դա պետք է շարունակվի»,- հայտարարել է Արսեն Թորոսյանը։