Ուկրաինայում պատերազմը կընդլայնվի և ավելի ինտենսիվ կդառնա. ՆԱՏՕ
Ուկրաինայում հակամարտությունն առաջիկա ամիսներին կընդլայնվի և կլինի շատ ինտենսիվ։ Այսպիսի կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն Agerpres-ին տված հարցազրույցում։

«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն արդեն սկսում է այս հարձակումը, որը մենք կանխատեսում էինք, դեռևս ոչ շատ զանգվածաբար, բայց ակնհայտորեն պատրաստվում է,- ասել է նա։- Իսկ ուկրաինական կողմը պատրաստվում է հակահարձակման, դրանում գաղտնիք չկա, բայց ակնհայտ է, որ այս ընթացքում, այս ամիսներին և ճահճային սեզոնից հետո, երբ լայնամասշտաբ բախման համար պայմաններն ավելի լավը կլինեն, այս հակամարտությունը, ինչպես սպասվում է, կընդլայնվի»։  

«Մենք բոլորս հասկանում ենք, որ առաջիկա ժամանակաշրջանը լինելու է շատ ինտենսիվ, օգտագործվելու է մեծ քանակությամբ զինամթերք, և կարծում եմ, որ տեխնիկան հնարավորինս արագ մոբիլիզացնելու անհրաժեշտությանը զուգահեռ, այդ թվում՝ ծանր տեխնիկան, ինչպիսիք են Ուկրաինային անհրաժեշտ ծանր տանկերը, մենք պետք է նաև վստահ լինենք, որ կա զինամթերք,- ընդգծել է Ջոանեն։- Մենք պետք է աշխատենք նաև արդյունաբերության հետ, որպեսզի ավելի շատ արտադրենք, արտադրենք բավարար քանակությամբ և Ուկրաինայի, և մեր սեփական կարիքների համար»: 

Դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալը հայտնել է, որ 2014 թվականից հետո Ուկրաինան դաշինքին խնդրել է զինված ուժերը նախապատրաստել «ՆԱՏՕ-ի տրամաբանությամբ»։ 

«Կանադայի պաշտպանության նախարարը (Անիտա Անանդը) այսօրվա հանդիպմանը (Բրյուսելում փետրվարի 14-15-ը ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները հանդիպել են) մեզ ասաց, որ 2014 թվականից Կանադան պատրաստել է 35.000 ուկրաինացի զինվորականների»: