Արամ Սարգսյանը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը դիմել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին»

 

Դիմումի մեջ մասնավորապես ասվում է․  «Հարգելի պարոն Նահապետյան, 2026-ի համապետական ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում Ձեր ղեկավարած կառույցը, ունենալով մարդկային և տեխնիկական սահմանափակ ռեսուրսներ, կարողացել է ընտրատարածքների սահմանափակ շրջանակում բացահայտել ընտրակաշառքի բազմաթիվ ենթադրյալ դեպքեր և հանրայնացրել գաղտնալսումներ։ Համոզված եմ, որ բացահայտումների թիվը կարող էր էապես ավելի մեծ լինել, եթե Կոմիտեն հնարավորություն ունենար վերահսկողություն իրականացնել ՀՀ ողջ տարածքում, քանի որ, իմ գնահատմամբ, ընտրակաշառքի կիրառումը եղել է համակարգային և մասշտաբային։ Կոմիտեի աշխատանքը մեծ հանրային ուշադրության է արժանացել և կարևոր նշանակություն ունի Հայաստանի ժողովրդավարության ու պետական ինստիտուտների նկատմամբ վստահության ամրապնդման տեսանկյունից։ Միևնույն ժամանակ, այդ աշխատանքի իրավական արդյունքները դեռևս ամբողջությամբ տեսանելի չեն հանրությանը։ Մասնավորապես, հայտնի չեն բացահայտված դեպքերի քննության վերջնական արդյունքները, և հանրությանը հայտնի չեն ընտրակաշառքի համար օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով դատապարտված անձինք։ Սա իրավական և քաղաքական շահարկումների տեղիք է տալիս, ուստի խնդրում եմ օրենքով սահմանված կարգով տրամադրել գրավոր տեղեկատվություն հետևյալ հարցերի վերաբերյալ.

 

1. Քանի՞ ընտրակաշառքի ենթադրյալ դեպք է բացահայտվել, և դրանց առնչությամբ քանի՞ քրեական վարույթ է նախաձեռնվել կամ հարուցվել։

 

2. Քանի՞ անձի նկատմամբ է նախաձեռնվել քրեական հետապնդում, և քանի՞ գործ է ուղարկվել դատարան։

 

3. Քանի՞ վարույթ է դեռևս նախաքննության փուլում, քանի՞սն է կարճվել կամ կասեցվել։

 

4.Արդյո՞ք կան ընտրակաշառքի համար օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ։

 

5. Ի՞նչ ընթացք և իրավական հեռանկար ունեն բացահայտված, սակայն դեռևս դատարան չհասած դեպքերը։

 

Հասկանում եմ, որ նախաքննության գաղտնիքով պաշտպանված տեղեկությունները ենթակա չեն հրապարակման։ Հետևաբար, խնդրում եմ տեղեկատվությունը տրամադրել գործող օրենսդրությամբ թույլատրելի սահմաններում։ Կարևոր եմ համարում, որ հնարավորության դեպքում այս տվյալները հրապարակվեն նաև Կոմիտեի կողմից, քանի որ խոսքը ոչ միայն իրավախախտումների բացահայտման, այլև ընտրական համակարգի նկատմամբ հանրային վստահության և մեր ժողովրդավարության կայացման մասին է»։