Գերմանիան Siemens Energy-ին թույլ չի տվել սարքավորումներ մատակարարել թուրքական «Աքքույու» ԱԷԿ-ի համար. «Կոմերսանտ»
Գերմանիայի իշխանությունները գերմանական Siemens Energy ընկերությանը թույլ չեն տվել էլեկտրատեխնիկական սարքավորումներ մատակարարել Թուրքիայում «Աքքույու» ատոմակայանի համար, որը կառուցվում է «Ռոսատոմ»-ի կողմից, գրում է «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

«Կոմերսանտ»-ը նշել է, որ Գերմանիայի իշխանությունները մտավախություն ունեն, որ սարքավորումները կարող են դուրս բերվել Ռուսաստան, թեև այն պատրաստված է կոնկրետ օբյեկտի համար։ 

Այժմ Թուրքիայի իշխանությունները բանակցություններ են վարում Գերմանիայի իշխանությունների հետ՝ պարզելու համար, թե ինչ պայմաններով կարող են սարքավորումները մատակարարվել կառուցվող ԱԷԿ-ին։

«Աքքույու Նուքլեար» ԱԷԿ-ի նախագծային ընկերությունը, որը պատկանում է «Ռոսատոմին», թերթին հայտնել է, որ իրենք  պաշտոնական ծանուցում չեն ստացել սարքավորումների մատակարարումների դադարեցման մասին, և որ Siemens Energy-ն «հետևում է իր պայմանագրային պարտավորություններին»: Գերմանիայի իշխանությունները և Siemens Energy-ն սա չեն մեկնաբանել։