ԱՄՆ-ը ձգտում է վերականգնել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները. Բլինքենն այսօր մեկնում է Եվրոպա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին
Միացյալ Նահանգներն «ուսումնասիրում» է, թե արդյոք կարո՞ղ է մոտ օրերս Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնատար անձանց նստեցնել նոր բանակցությունների շուրջ՝ փորձելով հաղթահարել տարաձայնությունները: Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցին հայտնել են Վաշինգտոնում դիվանագիտական աղբյուրները: Այլ մանրամասներ դեռ չկան, հավելել է աղբյուրը։

Դա է պատճառը, որ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քարեն Դոնֆրիդը մեկ շաբաթում  երկու անգամ (երեկ՝ երկրորդ անգամ) զրուցել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ամերիկյան կողմին հայտնի չեն զրույցի բովանդակության մանրամասները:  

Այդ քայլը կապված է այն բանի հետ, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր մեկնում է Եվրոպա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին, որտեղ նա կունենա մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ՝ քննարկելու համար Ուկրաինային հետագա աջակցությունը, Թուրքիային և Սիրիային օգնությունը, ասվում է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:

 Դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ Մյունխենի համաժողովին մասնակցելու են ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ բարձրաստիճան դիվանագետներ, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պետդեպարտամենտի ներկայացուցիչները չեն բացահայտել Մյունխենում Բլինքենի հանդիպումների ծրագիրը։

Բլինքենը փետրվարի 19-ին կայցելի նաև Թուրքիա՝ տեղում տեսնելու Թուրքիայի իշխանություններին օգնելու ԱՄՆ ջանքերը փետրվարի 6-ի երկրաշարժի հետևանքները վերացնելու ուղղությամբ, ինչպես նաև քննարկելու Թուրքիայի հետ գործընկերության հետագա ամրապնդման ուղիները: 

Բլինքենի վերջին կանգառը կլինի Հունաստանը, որտեղ նա Աթենքում ռազմավարական երկխոսություն կունենա երկրի ղեկավարության հետ։