«Բարսելոնան» մեղադրվում է պաշտոնյայի կաշառելու մեջ, ակումբն արձագանքել է
Կատալոնական «Բարսելոնան» 1,4 միլիոն եվրո է վճարել իսպանական մրցավարական կոմիտեի պաշտոնյային, հաղորդում է SER Catalunya-ն:

Կատալոնացիներն այս գումարը վճարել են 2016-ից 2018 թվականներին: Այդ ժամանակ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարական կոմիտեի տեխնիկական փոխնախագահի պաշտոնը զբաղեցնում էր Էնրիկես Նեգրեյրան:

Գործը հետաքննում է Կատալոնիայի դատախազությունը: Էնրիկես Նեգրեյրան արդեն ցուցմունք է տվել և հայտարարել, որ վճարվումները կատարվել են խորհրդատվական աշխատանքի համար, իսկ մրցավարները «Բարսելոնային» մասնակցությամբ հանդիպումները սպասարկել են այնպես, ինչպես բոլոր թիմերի դեպքում:

Այնուամենայնիվ,  Էնրիկես Նեգրեյրան հարկային մարմիններին չի կարողացել ցույց տալ ոչ մի փաստաթուղթ, որ խորհրդատվական ծառայություններ է մատուցել «Բարսելոնային»:

«Բարսելոնան» այդ լուրից հետո պաշտոնական հայտարարություն է տարածել և փորձել հերքել մամուլում շրջանառվող լուրերը:

«Հաշվի առնելով այն տեղեկությունը, որն այսօր հայտնվել է ԶԼՄ-ներում, «Բարսելոնան», իմանալով հետաքննության մասին, ցանկանում է հստակեցնել.
  1. «Բարսելոնան» նախկինում ևս օգտվել է տեխնիկական խորհրդատուի ծառայություններից, որն իրենից ներկայացնում է տեսաձևաչափի տեսքով տեխնիկական հաշվետվություններ ակումբի տեխնիկական անձնակազմի համար:
  2. Տեխնիկական հաշետվություններ ստանալը հիմնական և երկրորդ կազմի թիմի համար սովորական պրակտիկա է գրեթե բոլոր ֆուտբոլային ակումբների համար:
  3. Այս պահին նման ծառայություններ մատուցում է մասնագետ, որն ընդգրկված է մեր ակումբի աշխատակազմում:
  4. «Բարսելոնան» ափսոսում է, որ այս տեղեկությունը համացանց է արտահոսել մրցաշրջանի ամենաթեժ հատվածում:
  5. «Բարսելոնան» դատի կտա յուրաքանչյուրին, որը կփորձի փչացնել մեր ակումբի բարի համբավը»,- ասվում է կատալոնական ակումբի պաշտոնական հաղորդագրության մեջ: