Գերմանիայում Թուրքիայի դեսպանին կանչել են ԱԳՆ՝ Էրդողանի կուսակցի ֆաշիստական ​​արարքի պատճառով

Անցյալ շաբաթ Գերմանիայի Նոյս քաղաքի մզկիթներից մեկում Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչը կոչ է արել ոչնչացնել քրդերին և Գյուլենի կողմնակիցներին նաև Գերմանիայում։

Հարկ է նշել, որ մզկիթի ծխականները «Գորշ գայլեր» պանթյուրքիստական ​​ֆաշիստական ​​շարժման անդամներ ու կողմնակիցներ են։
Այս դեպքը առաջացրել է հասարակության վրդովմունքը։ Մասնավորապես, Ամերիկայի հրեական կոմիտեի Բեռլինի գրասենյակը Գերմանիայի իշխանություններին կոչ է արել հաշվի առնել նմանատիպ հայտարարությունները Թուրքիայի հետ հարաբերությունների հետագա կառուցման ժամանակ։ 

Միջադեպին արձագանքել է նաև Գերմանիայի ԱԳՆ-ն։ Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան հայտնել են, որ թուրքական խորհրդարանի անդամի նման դրսևորումները Նոյսում չպետք է կրկնվեն, իսկ ատելության խոսքը տեղ չունի Գերմանիայում։  
«Արտաքին գործերի նախարարությունը դեսպանին պարզաբանել է, որ արտերկրյա նախընտրական միջոցառումները պետք է նախապես համաձայնեցվեն գերմանական կողմի հետ։ Եթե ​​Թուրքիայի ներկայացուցիչները չպահպանեն կանոնները, ապա մենք պետք է ուսումնասիրենք, թե ինչպիսին կարող են լինել հետևանքները»,- ասվում է Գերմանիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ, որը տարածվել է Twitter-ում։