Это вам не Армавир․ Մարտունիում Նժդեհի արձանի վերաբերյալ արցախցիների ակնարկը՝ ռուս խաղաղապահներին
Ռուս խաղաղապահների Արցախ տեղափոխվելուց հետո պարբերաբար լուրեր են տարածվում, որ ադրբեջանցիները պահանջում են Արցախի Մարտունու քաղաքից հեռացնել Հայաստանի ազգային հերոս Գարեգին Նժեդեհի հուշարձանը, որն ամիսներ առաջ է տեղադրվել, սակայն մինչ այժմ բացման պաշտոնական արարողություն չի եղել։ Մամուլում առկա լուրերի համաձայն՝ հուշարձանը հեռացնելու ակնարկ իրականում արել են ռուս խաղաղապահները, դա ներկայացնելով իբրև ադրբեջանցի զինվորականների պահանջ։ Անհականալի է՝ ինչպես կարող է Ադրբեջանը նման պահանջ դնել մի հուշարձանի համար, որը գտնվում է հայկական ուժերի եւ ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո։ 

Այսօր համացանցում տարածվել է լուսանկար, որտեղ Նժդեհի հուշարձանի պատվանդանին տեղադրվել է "Это вам не Армавир" գրությամբ պաստառ։ Դրանով արցախցիները թեերևս հիշեցնում են 2019 թ․-ին Ռուսաստանի Արմավիր քաղաքի ՀԱԵ տարածքից Նժդեհի հուշատախտակի ապամոնտաժումը, որից առաջ քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը սև ներկով պղծել էր եկեղեցու բակում տեղադրված Գարեգին Նժդեհի հուշատախտակը:

Հիշեցնենք՝ օրեր առաջ կրկին տեղեկություն կար, որ պահանջ է դրվել հեռացնել արձանը, սակայն ԱՀ նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը  Civic.am-ի հետ զրույցում հերքել էր դա։