Թուրքիայի վիճակագրական ծառայությունը տվյալներ է հրապարակել սպառողական գների ինդեքսի վերաբերյալ։ Ըստ այդ տվյալների՝ դեկտեմբերյան գնաճը (ինֆլյացիա) կազմել է 1․18%, իսկ 2022-ի տարեկան գնաճը՝ 64․27%. գրում է ermenihaber-ը։
Սա համարվում է ակնկալվածից ավելի ցածր ցուցանիշ, քանի որ Թուրքիայի Կենտրոնական բանկի՝ ավելի վաղ կազմած գնաճի մասին զեկույցում նշվում էր, որ տարեվերջին սպասվում է 65․2 տոկոսանոց գնաճ։
Հրապարակված պաշտոնական թվերից զատ՝ կան նաև ինֆլյացիայի ուսումնասիրման աշխատանքային խմբի մշակած տվյաները, որոնք էականորեն տարբերվում են պաշտոնական տվյալներից։ Այսպիսով ըստ մասնավոր փորձագիտական տվյալների՝ դեկտեմբերյան գնաճը Թուրքիայում կազմել է ոչ թե 1․18, այլ 5,18%, իսկ տարեկան գնաճը՝ ոչ թե 64․27, այլ 137․55%։
Ինֆլյացիան մի երևույթ է, որի ժամանակ ապրանքների և ծառայությունների գները բարձրանում են, իսկ արժույթի գնողունակությունը` ընկնում:
Ինֆլյացիան դրամական համակարգի ճգնաժամային վիճակն է, որի գլխավոր հատկանիշը շրջանառության ոլորտի` թղթադրամներով գերհագեցվածությունն է: