Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը երեկ ԱՊՀ պետությունների ղեկավարների աշխատանքային ճաշի սեղանի շուրջ քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը
Թեև ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը պաշտոնապես հայտարարել էր, որ Մոսկվայում եռակողմ հանդիպում նախատեսված չէ, երեկ ԱՊՀ պետությունների ղեկավարների աշխատանքային ճաշի ընթացքում Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Այսօր այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահը Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք Ձեզ հետ դեռ երեկ ենք սկսել, և հաջողվեց երեքով խոսել․ իհարկե, գլխավոր հարցը Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորումն է ընդհանուր առմամբ, հայ-ադրբեջանական հարաբերությունները, ամենը, ինչ կապված է Ղարաբաղի հետ։ Այնպես որ, ինչպես և պայմանավորվել էինք, կքննարկենք այդ հարցերը մանրամասներով»,-այսօր Հայաստանի վարչապետի հետ պաշտոնական հանդիպման ժամանակ ասել է Պուտինը։

Թե էլ ինչ են պայմանավորվել, Պուտինը չի հստակեցրել։ Նշենք, որ Ալիևն ու Փաշինանը Սանկտ Պետերբուրգում էին՝ ԱՊՀ ոչ պաշտոնական հավաքի շրջանակում։

Civic.am-ը կառավարության լրատվականից պարզեց, որ վերոնշյալ հանդիպումը եղել է ոչ պաշտոնական, ԱՊՀ երկրների ղեկավարների աշխատանքային ճաշի ընթացքում։