«Միջազգային հանրությունը պետք է իմպոտենտությունը դադարեցնի, և ՄԱԿ-ը իր պարտավորությունները պատշաճ կատարի». Արտակ Բեգլարյան
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ԱՀ պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը նստացույց է կազմակերպել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև ու հրավիրել մամուլի ասուլիս։ 

«ՄԱԿ-ը պատշաճ չի արձագանքում Ադրբեջանի գործողություններին, և  Արցախում տիրող իրավիճակը Ադրբեջանի անպատժելիության, միջազգային հանրության իմպոտենտության հետևանքն է։ Իմ պահանջն է, որ միջազգային հանրությունը իմպոտենտությունը դադարեցնի, և ՄԱԿ-ը իր պարտավորությունները պատշաճ կատարի»,- ասաց Արտակ Բեգլարյանն ի պատասխան Civic.am-ի հարցի՝ ի՞նչ է քայլեր է ակնկալում ՄԱԿ-ից։ 

«ՄԱԿ-ը պարտավորություն ունի Արցախ մուտք գործելու։ Հենց այս պահին ՄԱԿ-ի տարբեր կառույցներ կան, որ պարտավոր են մտնել Արցախ առանց Ադրբեջանի թույլտվության, և, ըստ միջազգային իրավունքի, դա միայն ՄԱԿ-ը կարող է անել։ Իրենք կարող են օդային դեսանտ իջեցնել Արցախ, և իրենք պարտավոր էին դա անել 2020թ.-ին»,- հավելեց Արտակ Բեգլարյանը։ 

Նրա խոսքով՝ իրեն ՄԱԿ-ի մի քանի աշխատակից է մոտեցել, բայց պաշտոնական հաղորդակցություն չի ունեցել։ 

«Ադրբեջանի կեղծ քարոզչությամբ ու մեր ձախողման հետևանքով Արցախն ընկալվում է իբրև Ադրբեջանի տարածք։ Մենք չենք կարողացել հակառակ նարատիվը ներկայացնել միջազգային հանրությանը։ Արցախի հարցում պետք է աշխատի «ճանաչում հանուն փրկության» սկզբունքը։ Մենք ունենք միջազգային ճանաչման խնդիր»,- նշեց նա։ 

ԱՀ պետական նախարարի խորհրդականի դիտարկմամբ՝ Արցախի հարցում այս պահին միջազգային գործուն երաշխիքներ են պետք, օրինակ՝ միջազգային խաղաղապահներ կամ ՄԱԿ-ի ԱԽ մանդատով ռուս խաղաղապահներին տրվեն լիազորություններ, որովհետև ըստ նրա՝ ռուս խաղաղապահների առաքելությունը մանդատ չունի, այն իրավական հիմք չունի, հայտարարությունն է հիմքը: «Ռուս խաղաղապահների քանակի ավելացումը խնդրի որոշակի լուծում է, բայց խնդիր կա ռուս խաղաղապահների մանդատի առումով, թե ինչ լիազորություններ ունեն, նրանք պետք է լիազորություն ունենան ուժ կիրառելու։ Երկարաժամկետ անվտանգությունը ապահովելու համար պետք է ՄԱԿ ԱԽ նիստում քննարկվի և լուծում գտնվի»,- ասաց նա։

Արտակ Բեգլարյանն ընդգծեց, որ ինքն ու իր գործընկերները՝ ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը և ԱՀ ԱԳ նախարարը, մնացել են Երևանում, հանդիպել են ՀՀ ԱԳ նախարարության ղեկավար կազմին, քննարկել են Արցախում ծառացած հարցերը, սակայն չմանրամասնեց, թե ինչ քայլերի մասին է խոսվել։ 

«Մեր և Հայաստանի իշխանությունների նպատակը չպետք է լինի Արցախում այս պահին շրջափակումների վերացումը, որովհետև շրջափակումը կամ գազամատակարարման խնդիրը հիմա վերացնելուց հետո 1-2 շաբաթ անց կկրկնվի, նույնն է լինելու։ Երաշխիքներ են պետք, Ադրբեջանը պետք է պատժամիջոցների ենթարկվի»,- ասաց նա ու ընդգծեց. «Ովքեր Արցախը տեսնում են Ադրբեջանի կազմում, ես նրանց տեսնում եմ ադրբեջանական բանտերում։ Հայաստանի իշխանությունից ակնկալում եմ գործուն քայլեր»։ 

Մանրամասն՝ տեսանյութում