ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց հարց՝ Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության ապահովման արդի մարտահրավերները ԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համատեքստում:
Քննարկման ժամանակ, հանձնաժողովի նախագահ Վաղարշակ Հակոբյանն ասաց, որ այս տարվա ինը ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ ԱՊՀ երկրների հետ առևտրաշրջանառության ծավալներն աճել են 75,4 տոկոսով, ԵԱՏՄ երկրների հետ 82,7 տոկոսով, ԵՄ երկրների հետ 38,4 տոկոսով, իսկ ԱՄՆ-ի հետ առևտրաշրջանառության ծավալներն ավելացել են 2,1 անգամ։
«Հայաստանի արտաքին առևտրի թիվ 1 գործընկերը առևտրաշրջանառության ծավալներով շարունակում է մնալ Ռուսաստանը։ 2022 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխադարձ առևտրի ծավալն արդեն իսկ կազմել է 3,2 միլիարդ դոլար՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը՝ 80,5 տոկոսով»,-ասաց Վաղարշակ Հակոբյանը:
Հիմնական զեկուցող ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն էլ նշեց, որ պարենային անվտանգության մասին խոսելիս շատ հաճախ դիտարկվում է միայն պարենի ինքնաբավության մակարդակը, սակայն կարևոր է հստակ սահմանել, թե պարենային անվտանգություն ասելով ինչ են ենթադրում։
«Քանի որ պարենային անվտանգությունը բաղկացած է չորս հիմնական բաղադրիչներից՝ հասանելիություն, մատչելիություն, օգտագործում՝ նկատի ունենալով սննդակարգ, սննդի անվտանգություն, սննդի որակ, սննդային արժեքի մասին գիտելիքներ և կայունություն։ Պարենային անվտանգությունը հաճախ փոխկապակցվում է միայն էկոնոմիկայի նախարարության հետ, որպես գյուղատնտեսության ոլորտի քաղաքականության մշակման պատասխանատուի, սակայն կարևոր եմ համարում, նշել, որ պարենային անվտանգությունն ընդգրկում է տնտեսության բոլոր ճյուղերը և համապատասխան նախարարությունները»,-ասաց փոխնախարարը։
Խոսելով նաև պարենային անապահովության մասին՝ Արման Խոջոյանն ասաց, որ այդ ցուցանիշը ցավոք բարձր է, պարենի համաշխարհային ծրագրի կողմից Հայաստանում կատարված պարենային անվտանգության և խոցելիության վերջին արձանագրումն այն է, որ տնային տնտեսությունների 21,4 տկոսը ձևակերպվում է պարենային անապահով, այդ առումով ՀՀ հյուսիսային շրջաններն առավել խոցելի են։
Այս առնչությամբ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն էլ ներկա փոխնախարարներից հետաքրքրվեց, թե հյուսիսային շրջաններում տոտալիզատորներն ի՞նչ մակարդակի են, և ինչի՞ հետ է կապված, երբ մեր քաղաքացին կամ գյուղացին սովի է մատնվում, և ինչն է պատճառը, որ կան բազմաթիվ հողեր, որոնք գյուղացիները չեն օգտագործում։
Արման Խոջոյանի խոսքով՝ 2022 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ագրոպարենային ապրանքների արտաքին առևտրաշրջանառության ծավալը, ընթացիկ գներով նախորդ տարվա համեմատ աճել է 45,4 տոկոսով, և կազմել է շուրջ 2 մլրդ 79 մլն դոլար, 2022 թվականին հունվար-դեկտեմբեր ամիսներին հանրապետություն ներմուծվել է ծուրջ 1 մլրդ 97 մլն դոլարի ագրոպարենային արտադրանք, որը նախորդ տարվա համեմատ աճել է 46,5 տոկոսով, իսկ արտահանումը կազմել է 982 մլն դոլար, որը նախորդ տարվա համեմատ աճել է 44,2 տոկոսով։
Քննարկմանը ներկա ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն էլ խոսելով բեռնափոխադրումների ոլորտում առկա խնդիրների մասին՝ ասաց, որ հիմնական խնդիրը, որի հետ մենք բախվում ենք դա Լարսի անցակետն է և Խորհրդային միության փլուզումից հետո մեր վերջին 30 տարիների ընթացքում դա մեր տրանսպորտային բեռնափոխադրումների տեսանկյունից կարելի է ասել «Աքիլլեսյան գարշապարն է», որը տարվա ընթացքում միջինում 100 օր փակ է լինում, ինչը հիմնականում պայմանավորված է լինում եղանակային պայմաններով։
«2022 թվականի ընթացքում երկու հիմնական իրադարձությունների պատճառով Լարսի անցակետն անցել է շատ ծանրաբեռնված ռեժիմի, մեկը դա փետրվարին տեղի ունեցած աշխարհաքաղաքական իրադարձություններից հետո և դրանով պայմանավորված տարբեր երկրների գործողությունների պատճառով, այդ ճանապարհը ծանրաբեռնվեց և միակ ճանապարհն էր, որը Ասիայից դեպի Եվրոպա փոխադրումների համար էր ծառայում»,-ասաց փոխնախարարը։
Նա նշեց, որ ապրիլին եղել է խցանումների պիկը, սակայն հարցը կարգավորվել է ևս մեկ մաքսային անցակետ տեղադրելով, մի պահ խնդիր եղել է ՝ կապված գետի վարարման հետ, ինչը մի քանի օր անց նույնպես լուծվել է, իսկ հոկտեմբերի 8-ից հետո, երբ հայտնի իրադարձություններ տեղի ունեցան Ղրիմի կամրջի վրա, դրանից հետո Լարսի անցակետում սկսվեց խիստ վերահսկողություն իրականացվել բեռների նկատմամբ։
Արմեն Սիմոնյանի խոսքով՝ այս պահի դրությամբ Լարսում կուտակված տրանսպորտային միջոցների թիվը 1200-ից ավելի է, որի մեջ հայկական բեռնափոխադրողները կազմում են մոտ 450-500, իսկ երեկ արդեն թույլատրել են անցնել 492 տրանսպորտային միջոց։
Փոխնախարարը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ Լարսում վիճակը կայունանում է և բեռնափոխադրողները միջինում 5-7 օրվա ընթացքում՝ կապված բեռի տեսակով, Լարսի անցակետն անցնում են։
Քննարկմանը ներկա Արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանն էլ ասաց, որ, ընթացիկ տարում ԵԱՏՄ երկրների ներքին շուկաների կայունությունն ապահովելու նպատակով կազմվել է գյուղատնտեսական ապրանքների ինդիկատիվ հաշվեկշիռ, ինչը լավ գործիք է մատակարարման կարիքներն արագ որոշելու համար։
Քննարկումից հետո մեզ հետ զրույցում Խաչատուր Սուքիասյանը խոսելով Լարսի խնդրի թեթևացման մասին՝ ասաց․
«Համապատասխան էլեկտրոնային սարքավորումները, որոնք սկան են անում մեքենաները ես ինչքան գիտեմ ՀՀ վարչապետի միջնորդությամբ է արագ լուծվել և ավելացվել է։ Ուղղակի մեր նպատակը պետք է լինի, այդ բոլոր գործողությունները, որոնք ժամանակակից էլեկտրոնային գորիքծներ են պահանջում, դա ոչ թե միայն լինի Ռուսաստանի և Վրաստանի սահմանում, այլ մենք մեր վրացի եղբայրների հետ նույնպես ունենանք այդ նույն ժամանակակից գործիքները, որպեսզի ամեն մի մեքենայի տեղափոխումը րոպեներ տևի»,-ասաց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան