FIP-ը գրում է․Այսօր պաշտոնապես ներկայացվեց Հայաստանի Հանրապետության կենսաչափական նոր անձնագրի նմուշը։ Այն լինելու է կարմիր։
Պաշտոնապես հաղորդվում է, որ նոր անձնագրերը կունենան բարձր մակարդակի պաշտպանական մեխանիզմներ՝ ներառյալ անվտանգային բաղադրիչներ, այդ թվում՝ ուլտրամանուշակագույն շերտեր։
Փաստաթղթի ձևավորման մեջ արտացոլված են հայկական ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունն ու պետականության խորհրդանիշները։ Ըստ այդմ՝ նախ արտացոլված է Հայաստանի Հանրապետության ուրվագծային քարտեզը, Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենը և առաջին հայատառ նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:
«Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տարբեր բաց աղբյուրների համաձայն, կարմիր գույնի անձնագիրը լայնորեն տարածված է աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Եվրոպայում։ Հայաստանի հարևաններ Վրաստանը, Թուրքիան և Իրանը ևս ունեն կարմիր գույնի անձնագիր։ Այդ գույն է նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների անձնագրերը։