29 ամյա ժենյա Համբարձումյանի ընտանիքը 2020 թվականին էր Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքից տեղափոխվել Քաշաթաղի շրջան, գյուղ Դրախտաձոր և մեծ հույսեր ուներ ապագան Արցախում կառուցելու, սակայն սկսվեց Արցախյան չարաբաստիկ պատերազմը:
«Մեծամորից դեռ իրեր կար տեղափոխելու: Սեպտեմբերի 26-ին մենք իրերը բարձեցինք մեքենան ու փոքր աղջկաս և ամուսնուս հետ գնում էինք Արցախ: Շատ դաժան էր ճանապարհը: Ամեն վայրկյան մեզ թվում էր ձորն ենք գլորվելու, քանի որ ջղայնացել էր վարորդը, ուզում էր կանգնեցնել մեքենան», -պատմում է Ժենյան: Միայն գյուղ հասնելուց հետո է ընտանիքը տեղեկանում, որ պատերազմ է սկսվել, իսկ իրենք ողջ ճանապարհը պատերազմի միջով են անցել, և լսվող ձայները կրակոցների ձայներ էին, ոչ թե՝ ամպրոպի:
«Հասանք գյուղ արդեն լուսադեմին: Ֆեյսբուք չկար, լուրեր չկար: Մեզ Հայաստանից են զանգել ասել, որ ձեր մոտ կռիվ ա: Երբ իմացանք, մտածում էինք քառօրյայի նման ա, հեսա վերջանալու ա, բայց հետո արդեն գյուղի տղամարդկանց տարան, մեզ տները մտցրեցին, հասկացանք, որ լուրջ ա»,- հիշում է Ժենյան:
Ժենյան խորը ցավով է նաև հիշում և նկարագրում պատերազմի օրերին իրենց ապրածն ու Հայաստան տեղափոխվելու ճանապարհը՝ խոսքում անընդհատ այդ ամենը նույնացնելով 1915 թվականին հայերի հետ տեղի ունեցածի հետ:
«1915 թվին, որ լինում էր , լուսամուտները ադիալներով ծածկում էին, էդպես լուսամուտները ծածկել ենք, ամբողջ գյուղով մի 3 տուն կար, որ ապահով էր՝ ամեն մեկը գյուղի մի ծերը: Տեղավորվել ենք խումբ-խումբ էդ 3 տան մեջ, որ բոլորս մի տեղում չլինեինք, որ գոնե մի խմբին եթե պայթեցնեին, էն մյուս խումբը ասեր՝ ոնց ա եղել», - պատմում է նա:
Լուսադեմին բնակիչներին տեղեկացրել են, որ Լաչինով կարող են էվակուացվել, և ամսի 2-ին Ժենյան երեխաների հետ վերադարձել է Հայաստան:
Նա պատմում է, թե ինչ վտանգավոր պայմաններում են կարողացել հասնել Հայաստան, պետք է ձորերով անցնեին, որտեղ արդեն ադրբեջանական դիվերսանտներ կային: Ժենյայի ամուսինը՝ գյուղի տղամարդկանց հետ միասին, մի քանի օր գյուղն է հսկել դիվերսանտներից և լուսադեմին բոլորը, ով ինչ ունեցել է ձեռքի տակ, հավաքել և դուրս են եկել Արցախից:
«Մենք էդպես, 15 թվի նման՝ միայն կին ու երեխա, վեշերի վրա նստած, կողքից կրակոցներով, գազելը լցված մի կերպ եկանք հասանք Գորիս: Հետո մի քանի մեքենա փոխելով` եկանք էստեղ: Էկել էինք էստեղ, բոլորը նորմալ հագած ման էին գալիս, իսկ մենք էսպես իջել էինք, ոնց որ այլմոլորակային լինեինք»,- թեթև ժպտալով` պատմում է Ժենյան:
Նրա խոսքով՝ հենց Քաշաթաղի իրենց տանը ադրբեջանցիները չեն հարվածել: Տնից մի փոքր ներքևում գտնվող ՀԷԿ-ն են պայթեցրել. «ՀԷԿ-ը ձորում ա, մենք ձորի վերևը: Մեզ չի կարողացել հասնի: Բայց հաջորդը, որ ավելի հեռու են քցել, մեր հայերը ոչնչացրել են, հասցրել են խփել, որ մեզ չհասնի»:
Ժենյայի ամուսինը տարիներ առաջ Հայաստանում ավտովթարի պատճառով ձեռքի վնասվածք է ստացել: Այդ պատճառով պատերազմի ժամանակ նա չի կարողացել մասնակցել մարտական գործողություններին, սակայն առաջին օրից մինչև վերջին օրը մարտի դաշտում է եղել, զբաղվել է զոհվածների դիերի տեղափոխմամբ:
Պատերազմի ավարտից հետո քաշաթաղցիներին 15 օր ժամանակ էր տրվել, որպեսզի կարողանան իրենց ունեցվածքը դուրս բերել Ադրբեջանին հանձնվող տարածքներից: Ժենյայի խոսքով՝ մինչ ամուսինը կարողացել է մեքենա գտնել՝ իրերը տեղափոխելու համար, նրանց տանից ամեն ինչ գողացել են հայերը:
«Երկու ժամվա ճանապարհ ա մեր գյուղից մինչև Լաչին, բայց ամուսինս անցել է կես ժամում, քանի որ, եթե երկու վայրկյան ուշացնեին, դիվերսանտները արդեն կմտնեին գյուղ: Իրենք դուրս են եկել ու իրենց հետևից անմիջապես, հայտարարված ժամանակից շուտ, ադրբեջանցիները մտել են գյուղ: Եթե իրենց էնտեղ ինչ-որ վնաս էլ տային, ոչ մեկս չէինք իմանա, քանի որ կապ չկար: Ասել էին 15 օր, բայց 8 օր հետո իրանք մտնում են, գյուղը իրենցով են անում»,- պատմում է Ժենյան:
Ժենյայի ընտանիքը Արցախում կորցրել է իր նոր տունը, 2000 մետր հողատարածք՝ ընկույզի այգիով, ամբողջ տան կահույքն ու իրերը: Այժմ ընտանիքն ապրում է իրենց հայրական տանը՝ Ժենյայի ամուսնու մոր հետ: Սակայն այդ տան հետ կապված էլ որոշակի խնդիրներ կան: Տունը ժամանակին գրավ է դրվել, բարեկամի համար, և մի քանի տարի է, ինչ կալանքի տակ է: Ժենյայի խոսքով՝ ամեն պահի կարող են այս տունն էլ իրենց ձեռքից խլել:
Ընտանիքում ոչ ոք աշխատանք դեռ չի կարողացել գտնել: Այժմ ապրում են օգնությունների և կառավարության կողմից տրված գումարներով, որը շուտով դադարեցվելու է, սակայն Ժենյան նշում է, որ իրենց ապագան դրսում՝ օտար երկրներում դեռ չեն պլանավորում. «Առայժմ ուզում ենք էստեղ ինչ-որ բան անել, գործ գտնել: Էնպես չի՝ էստեղ վատ ա: Մանավանդ հիմա, որ ուզում ես ինչ-որ բիզնես հիմնել, շատ հարկ ու տուրք չես վճարում, դա շատ լավ ա»:
Ժենյան չի բացառում Արցախ վերադառնալու տարբերակը: Կարծում է, որ մեկ անգամ հաղթահարել են պատերազմը, էլի կհաղթահարեն. «Եթե Արցախում էլ ապահով լինի և առաջարկ լինի, որ տներ կորցրածներին տուն տրամադրեն, հաստատ էդ տարբերակից էլ կօգտվենք: Արդեն եղել ա այս ամենը, կարողացանք գանք: Ստեղ էլ ապահովագրված չէ, նույն բանը կարող է էստեղ էլ լինել: Հիմա ուր էլ գնաս, վտանգավոր է: Բա Գորիսում ապրողներն ի՞նչ անեն, չգիտեն՝ երբ, ինչ կլինի: Այդ վտանգը ամեն տեղ կա, քանի հայ ենք, ուր էլ գնանք, դա կա»:
Սյուզի Սիրականյան