Civic.am-ի զրուցակիցն է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանը։
- Պարոն Քթոյան, թանկացումները, որոնք առավել ցայտուն էին դարձել 2020թ. պատերազմից հետո, հիմա պայմանավորում են ռուս-ուկրաինական պատերազմով։ ՀՀ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը հերթական անգամ բարձրացրեց, արդյոք ԿԲ-ի այս քայլը բավարա՞ր է՝ զսպելու գնաճը։
- Գների զսպման գործիքները, որոնք ունի Կենտրոնական բանկը, ունեն սահմանափակ ազդեցություն՝ կախված նրանից, թե գնաճն ինչ աղբյուրներ ու ծավալներ ունի։ Մենք վերջին ամիսներին բախվում ենք աննախադեպ գնաճի հետ, երբ որ պարենի համաշխարհային գները միջինում ավելանում են 20-25 տոկոսով, առանձին պարենամթերքի պարագայում գնաճն ավելի բարձր է։ Կամ, օրինակ, ցորենի համաշխարհային գների տարեկան աճը 80-90 տոկոս է կազմում՝ ընդհուպ մինչև կրկնակի աճ է արձանագրվել։ Այս ամենն անմիջականորեն փոխանցվում է մեր տնտեսություն, և աշխարհի որևէ կարգավորող մարմին չունի այնպիսի գործիքներ, որպեսզի կարողանա ամբողջությամբ չեզոքացնել այսօրինակ հզոր գնաճի ազդեցությունը։ Կենտրոնական բանկը որոշակիորեն զսպում է շրջանառության մեջ գտնվող դրամական զանգվածի ընդլայնումը և դրանով զսպելով նաև գնողունակ պահանջարկի ընդլայնումը, տնտեսական ակտիվությունը և դրանով նաև գնաճը զսպող գործոն է դիտարկվում։ Գնաճի ամբողջական չեզոքացում որևէ գործիքով հնարավոր չէ։
- Առաջիկայում կանխատեսելի՞ է գների կայունացում հայաստանյան շուկայում։
- Հայաստանյան շուկան այսօր սերտորեն ինտեգրված է համաշխարհային շուկայի հետ, և գների կայունացումը հնարավոր է համաշխարհային հանքահումքային շուկաներում գների կայունացմանը զուգահեռ։ Եթե մենք փորձենք պատկերացնել՝ ինչ է գների կայունացումը, եթե նկատի ունեք կտրուկ ցնցումների բացակայությունը, ապա դա իր հերթին արտացոլում է քաղաքական, ռազմաքաղաքական իրողությամբ պայմանավորված անորոշությունները։ Հիմա որևէ մեկը կարո՞ղ է ասել այս՝ ռուս-ուկրաինական կոնֆլիկտը ինչպես կհանգուցալուծվի կամ երբ կհանգուցալուծվի. եթե այդ հարցի հստակ պատասխանը լինի, ապա էներգակիրների շուկայում, պարենի համաշխարհային շուկայում ցնցումային դրսևորումները կմարեն, դա էլ իր հերթին գնաճի ընդհանուր ֆոնն ավելի կանխատեսելի կդարձնի։
- Մեր հարցումներից հասկանալի է, որ քաղաքացիները հույս չունեն, որ գները կնվազեն, գոնե ակնկալում են աշխատավարձերի բարձրացում պետությունից։ Ձեր դիտարկմամբ՝ մեր կառավարությունն ունի՞ բավարար ռեսուրս բարձրացնելու նվազագույն աշխատավարձը։
- Ազգային ժողովում քննարկում եղավ նվազագույն աշխատավարձը բարձրացնելու՝ կրկնապատկելու մասին, բայց այդ առաջարկը չընդունվեց։ Նվազագույն աշխատավարձը բարձրացնել նշանակում է՝ պետությունը սահմանաչափ է ամրագրում և տնտեսվարողին ասում է՝ սրանից ցածր դու չպետք է վճարես։ Իսկ որևէ մեկը տնտեսվարողին հարցրե՞լ է՝ այդ դեպքում տնտեսական գործունեությունը ձեռնտու կլինի՞ իր համար, թե՞ ոչ։ Նվազագույն աշխատավարձը բարձրացնելու պարագայում տնտեսվարողը կարող է ավելի շատ գումար ծախսել աշխատավարձի համար՝ կախված նրանից, թե որ ոլորտում է աշխատում։ Եվ այս ծախսերի ավելացմամբ ինքը կունենա արտադրանքի ինքնարժեքի աճ, և դա գների աճին նպաստող նոր խթան կհանդիսանա։ Աշխատավարձի բարձրացումը հնարավոր է արտադրողականության ավելացման հաշվին։ Այն երկրներում, որտեղ աշխատավարձը բարձր է, դա իր հիմքում առաջին հերթին ունի արտադրողականության բարձրացում։ Մեր երկրի այն ոլորտներում, որտեղ արտադրողականությունը բարձր է, այնտեղ աշխատավարձերն էլ են բարձր, օրինակ՝ ՏՏ ոլորտում միջին աշխատավարձը 700.000 դրամ է, իսկ գյուղատնտեսության ոլորտում զբաղված անձը չի կարող բարձր աշխատավարձ ստանալ, որովհետև այդտեղ արտադրողականությունը ցածր է։ Խնդիրը ընդհանուր տնտեսությանն է առնչվում և ոչ թե կառավարության կարգավորման տիրույթում է։ Կառավարության կարգավորման տիրույթում կարող է լինել տնտեսական գործունեության արդյունավետության բարձրացման, աշխատանքի արտադրողականության բարձրացման համար որոշ նախադրայլների ստեղծումը, խթանումը. դա շղթայական ազդեցությամբ կհանգեցնի աշխատավարձերի բարձրացման։
- Կենտրոնական բանկը կանխատեսել էր Հայաստանում արտադրության անկում, այսինքն՝ աշխատավարձերի բարձրացում կանխատեսելը սպասելի չէ։ Արդյոք ԿԲ-ի կողմից վերջին մեկուկես տարվա ընթացքում մի քանի անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը բացասական ազդեցություն չի՞ ունենա մեր տնտեսության վրա։
- Կենտրոնական բանկը պատասխանատու է գնաճի՝ ֆինանսական կայունության համար, և եթե մյուս նպատակները սրան հակասում են, ինքն առաջնահերթությունը պետք է տա գների կայունության ապահովմանը։ Սա օրենքով ամրագրված նպատակ է, եթե ԿԲ-ն այս նպատակին հետամուտ չլինի, տեղի կունենա օրենքի խախտում։ Գների աճի զսպումը այլ կերպ, քան տնտեսական գործունեությունը զսպելու հաշվին, չի կարող լինել, այսինքն՝ կա երկընտրանքի խնդիր։ Եթե ուզում ես տնտեսական ակտիվությունը բարձր լինի, կարող ես խթանել՝ անընդհատ փող ներարկել տնտեսության մեջ, դա էլ իր հերթին բերելու է գնաճի։ Դրա վառ օրինակ է Թուրքիան։ Թուրքիայում անընդհատ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրին, և դրա հետևանքով նաև այսօր Թուրքիայում գնաճը 50 տոկոս է։ Մենք խոսում ենք Հայաստանում բարձր գնաճի մասին՝ վերջին ամիսներին 6,5-7 տոկոսի տիրույթում է, բայց 50 տոկոսի հետ համեմատելի չէ։
- Ունե՞ք տեղեկություն՝ Հայաստանը գնաճի ցուցանիշով որ դիրքերում է գտնվում աշխարհում։ Այսինքն՝ եթե ամբողջ աշխարհում է գնաճ, Հայաստանը բարվոք դիրքերո՞ւմ է գտնվում, թե՞ թանկացումներն այստեղ ավելի սուր են արտահայտված։
- Եթե մենք համեմատում ենք ԵԱՏՄ երկրների հետ, Հայաստանը բարվոք վիճակում է, մեր հիմնական առևտրային գործընկերներն իրենք են։ Տարածաշրջանի երկրների հետ եթե համեմատենք՝ Թուրքիա, Վրաստան՝ Հայաստանն էլի բարվոք վիճակում է գտնվում։ Զարգացած երկրների համար այդ համեմատությունը կոռեկտ չէ, որովհետև տնտեսական արդյունավետությունը մեզ մոտ ավելի ցածր է, քան զարգացած եվրոպական երկրներում, չնայած այնտեղ էլ սովորականից բարձր աննախադեպ գնաճ կա։ Օրինակ՝ եթե զարգացած տնտեսությունների համար 5 տարի առաջ նորմալ էր դիտվում 1, 2 տոկոս գնաճը, հիմա այնտեղ 4-5 տոկոսն է նորմալ դիտվում։ Եվ տարբեր կանխատեսումների համաձայն՝ այդ մակարդակը առաջիկա 5-10 տարիներին պահպանվելու է, այսինքն՝ սա գլոբալ խնդիր է, և դրա հաղթահարումը շատ արագ չի կարող լինել։
Նարա Մարտիրոսյան
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում