Ռուսաստանը պատերազմ չի ուզում, բայց և թույլ չի տա անտեսել իր անվտանգային շահերը. Լավրով
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովն այսօր ռադիոկայաններին տված ասուլիսում հայտարարել է, որ Ռուսաստանը պատերազմ չի ուզում, բայց և թույլ չի տա անտեսել իր շահերն անվտանգության ասպարեզում:
«Եթե դա կախված է Ռուսաստանի Դաշնությունից, ապա պատերազմ չի լինի, մենք չենք ուզում պատերազմներ, բայց և թույլ չենք տա կոպտորեն ոտնահարել և անտեսել մեր շահերը», - հայտարարել է արտգործնախարարը:
Նա նշել է, որ անվտանգության հարցերի շուրջ Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի հետ բանակցությունները դեռ չեն ավարտվել:
«Ինչպես գիտեք, ամերիկացիները և ՆԱՏՕ-ականները մեկ ամսից ավելի վերլուծել են մեր առավել քան պարզ առաջարկները, որոնք ներկայացված են Վաշինգտոնի և Հյուսիսատլանտյան դաշինքի հետ պայմանագրերի նախագծերում: Եվ մենք միայն նախանցյալ օրը ստացանք պատասխանները: Դրանցում շատ բաներ շփոթություն ստեղծելու նպատակով զուտ արևմտյան ոճով աղավաղված են, բայց երկրորդական խնդիրների վերաբերյալ կան ռացիոնալ հատիկներ», - ասել է Լավրովը:
Արտգործնախարարի փոխանցմամբ, Ռուսաստանը պատրաստում է անվտանգության երաշխիքների վերաբերյալ Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի պատասխաններին արձագանքելու մի քանի տարբերակներ, որոշումն այդ հարցում կընդունի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Աղբյուրը՝ azatutyun.am