Ադրբեջանի նպատակն է՝ Արցախի ԼՂԻՄ-ի գրավյալ տարածքներում՝ Շուշիում, Հադրութում և գրավված գյուղերում մինչև 2030 թվականը բնակվող ադրբեջանցիների թիվը հասցնել 40-45 հազարի։ Փոխարենը սադրանքներով, կրակոցներով և ահաբեկող հայտարարություններով վախ ներշնչելու միջոցով նվազեցնել բուն Արցախում ապրող հայերի թիվը՝ մինչև 40-45 հազարի։ Այս մասին Երևանի մամուլի ակումբի կազմակերպած սեմինարի ժամանակ ասաց ռազմական փորձագետ Բենիամին Պողոսյանը։ Ըստ փորձագետի՝ դա իր հետ զրույցում չեն թաքցնում ադրբեջանցի գործընկերները։
Փորձագետի խոսքով՝ Ադրբեջանի այդ ծրագիրը ապագա հանրաքվեի արդյունքների համար է։ Ասել է թե՝ չնայած Ադրբեջանը հայտարարում է, որ իր համար Արցախի հարցը լուծված է, շատ լավ հասկանում է, որ Արցախի կարգավիճակի հարցը լուծման է սպասում ու ինքը կանգնած է այդ խնդրի առաջ։
Դա է պատճառը, որ այսօր ակտիվ կառուցապատում է իրականացնում գրավյալ տարածքներում՝ դրանք ադրբեջանցիներով բնակեցնելու համար։
Պողոսյանի խոսքով՝ ցավոք, այսօր Արցախից արտագաղթ կա, և դա պայմանավորված է հենց անվտանգության նկատառումներով, քանի որ ռուս խաղաղապահների հույսին մնալը այնքան էլ ապահով չէ արցախցիների համար։