Օրերս հրապարակվեց ՀՀ հազար խոշոր հարկ վճարողների ցանկը հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով։ Առաջին հորիզոնականում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, երկրորդում՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», երրորդ հորիզոնականում՝ «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության աշխատակազմը»։ Հիշեցնենք, որ խոշոր հարկատուների ցանկում այլևս ներառվում են նաև պետական գերատեսչությունները։
Civic.am-ը զրուցեց տնտեսագետ Արտակ Մանուկյանի հետ՝ հասկանալու համար, թե փոխվե՞լ է արդյոք ՀՀ տնտեսության կառուցվածքը, և ի՞նչ միտումներ են նկատվում։
Մանուկյանը նշեց, որ հնարավոր չէ շատ կարճ ժամանակահատվածում ակնկալել էական որակական տեղաշարժեր, իսկ 2021-ի ինը ամիսների տվյալներով այս պահին չենք կարող հստակ վերլուծություն կատարել, թե ինչպես է փոխվել տնտեսության կառուցվածքը՝ համեմատած 2018 թվականի հետ, որովհետև 2021 թվականի այն խոշոր հարկատուները, որոնք այս պահին կան կայքում, չունեն համադրելիություն 2019 և 2018 թվականների հետ։ «Այստեղ ներառված են նաև պետական մարմինները, և եթե 2020 թվականի ինը ամիսների դեպքում կան տվյալներ, որտեղ ներառված են պետական մարմինները, և կա, որ ներառված չեն, ապա 2021-ը դեռևս ներկայացված է միայն պետական մարմիններով։ Հետևաբար այս դեպքում մեթոդաբանորեն ավելի կոռեկտ կլինի խոսել 2020-2021թթ. միտումների համադրության մասին, որտեղ ակնհայտ է, որ վերականգնման միտումները ցցուն ձևով առկա են։ Որպեսզի իմ ասածները նաև վիճակագրորեն ամրապնդեմ, կարող եմ որոշ ցուցանիշներ ասել։ Կարող եք տեսնել, որ որոշակիորեն նվազել է մաքսային վճարների մասնաբաժինը, իսկ դա նշանակում է, որ այս հարկերի գեներացումը որոշակիորեն տեղի է ունեցել նաև հայկական որոշակի հավելյալ արժեք ստեղծող ընկերությունների աճի հաշվին։ Երկրորդ կարևոր դիտարկումը այն է, որ խոշոր հարյուր հարկ վճարողների մասնաբաժինը ևս որոշակիորեն նվազել է, և հարկային եկամուտների մեջ հազար խոշոր հարկատուների մասնաբաժինը 2020-ի ինը ամիսների 78 տոկոսի փոխարեն դարձել է 77 տոկոս։ Չմոռանանք, որ հարկային եկամուտներն էլ 10 տոկոս աճ են գրանցել։ Սա խոսում է այն մասին, որ հազար խոշոր հարկ վճարողների ցանկում ներառված սուբյեկտները ավելի շատ հարկ են վճարել, բայց միևնույն ժամանակ, համեմատական առումով, հազար խոշոր հարկատուների մասնաբաժինը նվազել է։ Դա խոսում է այն մասին, որ հազար խոշոր հարկ վճարողների ցանկից դուրս գտնվող ընկերությունները ավելի առաջանցիկ տեմպերով են աճում»,- ասաց Արտակ Մանուկյանը։
Հարցին, թե կարո՞ղ են այդ տեմպերը պահպանվել, և հազար խոշոր հարկատուների տեսակարար կշիռը մեր տնտեսության մեջ գնալով նվազի՝ ի հաշիվ մյուս ընկերությունների աճի, Մանուկյանն ասաց, որ շատ դրական միտումներ են այս մասով արձանագրվում՝ ընդհանուր հարկային եկամուտների հավաքագրման ֆոնին հազար խոշոր հարկ վճարողների կողմից վճարվող հարկերի ավելացման շնորհիվ։ «Եթե 2018-ը համեմատենք 2019-ի հետ, որոնք համադրելի են և ներառված չեն պետական գերատեսչությունների տվյալները, ապա հազար խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի մասնաբաժինը 76-ից իջել է 71 տոկոս: Չմոռանանք, որ 2019 թվականին Հայաստանը տնտեսական առումով արձանագրել էր Եվրոպայի ամենամեծ տնտեսական աճը, և այս աճը ավելի բարենպաստ ազդեցություն էր ունեցել հազար խոշոր հարկ վճարողների ցանկից դուրս գտնվող ընկերությունների վրա, որոնք կարողացել էին ավելի մեծ չափով արդյունք ստեղծել և դրանից էլ հարկեր վճարել»,- նկատեց Արտակ Մանուկյանը։
Անդրադառնալով պաշտպանության նախարարության՝ երրորդ հորիզոնականում գտնվելուն, այն դեպքում, երբ մենք ունենք խոշոր ընկերություններ, որոնք արժեք են ստեղծում և շահույթ ստանում, Մանուկյանն ասաց. «Չմոռանանք, որ այստեղ չափազանց կարևոր է տվյալ գերատեսչություններում ներգրավված աշխատողների թվակազմը։ ՊՆ-ն ավանդաբար բավականաչափ շատ աշխատանքային ռեսուրսներ ունեցող միավոր է։ Որպեսզի պարզ լինի, թե ինչպիսի գործոններ կարող են դրա վրա ազդել, բացառված չէ, չէ՞, որ նույն մաքսազերծումները կարող են որոշակի գերատեսչության հաշվին իրականացվել։ Պետք է խորքային վերլուծություն իրականացնել, որպեսզի պարզվի, թե այդ ցուցանիշների մեջ ինչ միտումներ կան և այլն։ Գլոբալ առումով գտնում եմ, որ պետական գերատեսչությունների մասին քննարկումները մի փոքր շեղում են օրակարգը, որովհետև մենք խոսում ենք ընդհանուր հարկ վճարողների մեծության մասին։ Գաղտնիք բացահայտած չենք լինի, որ ՊՆ-ում կա մեծ աշխատակազմ, և աշխատավարձային բարձրացումներ են եղել, որի արդյունքում էլ կարող էին ավելի շատ հարկեր վճարել։ Որակական ցուցանիշները ակնհայտ ցույց են տալիս, որ տնտեսությունը գտնվում է որոշակի վերականգնողական փուլում»։
Մանուկյանը նշեց, որ բարձրացել է նաև հազար խոշոր հարկ վճարողների ցանկի ստորին հորիզոնականներում գտնվող ընկերությունների վճարած հարկերի մասնաբաժինը, և եթե ուսումնասիրենք, օրինակ, 900-ից 1000-րդ տեղերում գտնվող ընկերությունների տվյալները, ապա կտեսնենք, որ կա որակական փոփոխություն, և դրա ցցունց օրինակը, ըստ Մանուկյանի, այն է, թե ինչքա՞ն պետք է ընկերությունը հարկ վճարեր, որ հանդիսանար հազարերոդ հարկատու։ Այս առումով Արտակ Մանուկյանի համար ակնհայտ է, որ այն գնաճի միտումներից ավելի մեծ չափով է աճում, ինչը խոսում է այն մասին, որ ավելի ցածր հարկ վճարողները ավելի առաջանցիկ տեմպերով են հարկ վճարում, ինչը վկայում է այն մասին, որ այստեղ մրցակցություն ևս էականորեն կա։ «Դա նաև խոսում է այն մասին, որ տնտեսության կառուցվածքը որոշակիորեն փոփոխվում է, բայց այն ռազմավարական ուղղությունները, որոնք ավանդաբար եղել են ՀՀ-ի համար հեռանկարային և արտահանմանը միտված, մասնավորապես հանքարդյունաբերությունը, դեռևս որոշակի մեծ դերակատարություն ունեն»,- եզրափակեց Արտակ Մանուկյանը։
Վովա Հակոբյան