Ադրբեջանի կողմից Սյունիքում ձերբակալված իրանցի վարորդներն ազատ են արձակվել
Այսօր՝ հոկտեմբերի 21-ի առավոտյան, Ադրբեջանն ազատ է արձակել Գորիս-Կապան ճանապարհին ձերբակալված իրանական բեռնատարների երկու վարորդներին, հայտնում է  Turan.az-ը։ 

Իրանցի վարորդներին ադրբեջանական կողմը ձերբակալել էր Արցախ ապօրինի բեռներ տեղափոխելու մեղադրանքով։

«Ելնելով մարդասիրության, բարի կամքի, փոխադարձ հարգանքի, բարիդրացիության սկզբունքներից, ինչպես նաև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ադրբեջանը Իրանին է վերադարձրել այդ երկրի երկու քաղաքացիներ՝ Բարզեգյար Հագի Ջաֆար Գազանֆարին և Նորուզի Շահրուդ Հեյդարին»,- նշվում է Ադրբեջանի մաքսային կոմիտեի հայտարարության մեջ, որը նրանց դեմ քրեական գործ է հարուցել 206.3.2 և 318.2 հոդվածներով:

Ադրբեջանական կայքը գրում է, որ իրանական կողմն այս ընթացքում փորձեց ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա՝ պահանջելով արտահանձնել ձերբակալվածներին, սակայն ապարդյուն։

«Սահմանային զորավարժությունները և Թեհրանի ամպագոռգոռ սպառնալիքները ոչ մի դեր չեն խաղացել։ Իրանը ստիպված եղավ ճանաչել Ադրբեջանի պահանջները և հոկտեմբերի 20-ից պաշտոնապես արգելեց իր տրանսպորտային աշխատակիցներին խախտել ադրբեջանական սահմանը և մեկնել Արցախ, ինչպես նաև առևտուր չկատարել արցախցի «անջատողականների» հետ։ Միայն դրանից հետո ձերբակալվածներն ազատ արձակվեցին»,- գրում է Turan.az-ը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Որոտան գյուղի մոտ ադրբեջանական ոստիկանության հենակետ է տեղակայվել՝ պատճառաբանությամբ, որ ճանապարհի այդ մասը խորհրդային քարտեզներով պատկանում է Ադրբեջանին, իսկ սեպտեմբերի 11-ից ադրբեջանցիները ելքի ու մուտքի տուրքեր են պահանջում իրանական բեռնատարներից։