Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ՝ հեկտեմբերի 4-ին, Արցախի օկուպացված Մատաղիս գյուղում թափահարելով զենքը՝ սպառնաց Հայստանում ապրող այն անձանց, որոնք պատերազմից հետո լցված են վրեժխնդրությամբ․«Ես դիմում եմ նրանց, ովքեր Հայաստանում ապրում են ռևանշի զգացումով՝ մտածեք ձեր մասին: Երկաթե բռունցքն այստեղ է, այն ոչ մի տեղ չի կորել, այն տեղում է: Մի ջղայնացրեք մեզ, ձեզ լավ պահեք: Եթե ձեզ լավ պահեք՝ ապա կկարողանաք ապրել հանգիստ: Եթե մեր դեմ կրկին լինի ինչ-որ սադրանք, հայտարարություն կամ գործողություն՝ մենք կջարդենք ձեր գլուխը առանց որեւէ մեկին նայելու: Ոչ ոք չի կարող ձեզ պաշտպանել»։ Ալիևի խոսքերը հրապարակել է ադրբեջանական Minval.az-ը:
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը կարծում է, որ Ալիևն իր այս հայտարարություններով ճնշումն է ուժգնացնում ՀՀ գործող իշխանության վրա՝ հասնելու իր առաջարկած խաղաղության փաստաթղթի ստորագրմանը։ Բայց նաև նշեց, որ այդ հայտարարությունները նաև ներքին սպառման համար են․ «Մի կողմից նա ճնշում է գործադրում ամբողջ քաղաքական դաշտի վրա, նաև իշխանությունների վրա՝ զգուշացնելով, որ եթե դուք համաձայնագիրը չստորագրեք՝ դա նշանակում է դուք ռևանշի մտադրություններ ունեք, հետևաբար մենք կհարձակվենք։ Բայց Ալիևի այս հայտարարությունները ներքին օգտագործման համար են, որովհետև Ադրբեջանում էլ խնդիրներ կան՝ էյֆորիան կամաց-կամաց թուլանում է, ժողովուրդը հասկանում է, որ այնուամենայնիվ իրենք չստացան այն, ինչ ցանկալի էր՝ ստանային այդքան կորուստների գնով»։
Քաղաքագետն ընդգծեց, որ Ադրբեջանի նախագահի ոչ ադեկվատ հայտարարությանը միջազգային հանրությունը շատ կոշտ պետք է արձագանքի և Ալիևին տեղը դնի։
Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանն էլ Ալիևի՝ «Հայաստանում ապրող վրեժխնդիրների գլուխը ջարդելու» արտահայտությունը նախ վերագրեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած իր հեռավար կռվին, այնուհետև որակեց այն որպես հիբրիդային պատերազմ․ «Ադրբեջանի ներկայիս ղեկավարը Հայաստանի նախկին ղեկավարի հետ բառային հարվածներ է փոխանակում՝ սա պետական քաղաքականության չի նմանվում։ Բայց ընդհանրապես սա հիբրիդային պատերազմի մի մաս է, որ անընդհատ պետք է ասեն, որ դուք որևէ տարբերակ չունեք և պետք է ենթարկվեք մեր բոլոր առաջ քաշած պայմաններին, և Հայաստանի ղեկավարության կողմից ցանկացած դիմադրություն, բողոք, ետին միտք՝ խստագույնս պատժվելու է»։
Քաղաքագետն Ալիևի բառապաշարը որակեց ֆաշիստական, նացիստական 20-րդ դարի պետություններին հատուկ բառապաշար և ընդգծեց, որ դա աննկատ չի անցնի՝ հիշատակելով արդեն իսկ Ալիևի ունեցած խնդիրները Մեծ Բրիտանիայում․ «Ալիևի անձից ու ընտանիքից ձերբազատվելու միտում երևում է նույնիսկ իրենց համար այնպիսի բարեկամական երկրում, ինչպես օրինակ Մեծ Բրիտանիան է։ Ադրբեջանը ռազմավարական նշանակություն ունի Մեծ Բրիտանիայի համար, բայց BBC-ով արդեն երրորդ, չորրորդ հաղորդում են եթեր տալիս, որտեղ ամենազազրելի մանրամասներով պատմում են Ալիևի օրոք կատարված հանցագործությունների մասին՝ այդ թվում խոշտանգումներ, սպանություններ, ռազմագերիների սպանություններ։ Իսկ BBC-ն հասկանում ենք՝ ինչ նշանակության լրատվամիջոց է։ Երկրորդը՝ «Պանդորայի» սկանդալն էր, երբ բացվեց Ալիևի կողմից Մեծ Բրիտանիայում կատարած իր գործողությունները կապված անշարժ գույքի, օֆշորային հաշիվների հետ և այլն։ Այսինքն, իմ կարծիքով՝ պարոնը իրեն տեղական, գավառական Հիտլերիկի տեղն է դնում։ Այս առումով որոշակի մտահոգություն կա, որ Ալիևը կարող է կորցնել իրականությունը և դիմել տեռորիստական ուժային գործողությունների, որը կարող է Իսրայելին ձեռնտու լինել՝ Իրանին հարված հասցնելու համար»։
Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանը պաշտոնական մակարդակում պետք է սուր արձագանքի թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական ագրեսիվ հայտարարություններին, ինչը չի արվում։
Արցախի ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը Civic.am-ի հետ զրույցում ադրբեջանա-թուրքական ագրեսիան անվանեց «կենդանական բնազդ» և նշեց, որ Ալիևը, ըստ էության, նկատի ունի ողջ հայ ազգին․ «Ալիևը ամբողջ հայ ազգին նկատի ունի՝ սկսած շարքային հայից, որն այս պարտությունից հետո չունի մտադրություն լքել իր հայրենիքը, վերջացրած մեր իշխանավորներով։ Հայ ազգն է, որ թե իր էությամբ, և Հայաստանն է, որ իր աշխարհագրական դիրքով թուրք-ադրբեջանական հեռու գնացող ռազմավարական ծրագրերին խոչընդոտ է հանդիսանում»։
Չնայած սրան, Արցախի ԱԺ փոխնախագահը կարծում է, որ միջազգային հանրությունը ոչ պաշտոնական բնույթի թեթև քննադատություններից բացի, լուրջ քաղաքական խաղերում Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության դեմ կամ Ադրբեջանին պաշտպանող Թուրքիայի դեմ այդպես էլ մեղադրանքներ չի ներկայացնի։
Գագիկ Բաղունցը Ադրբեջանի նախագահի ագրեսիվ հայտրարությունները վերագրում է իր խոսքով՝ այն սխալին, որ Արցախյան առաջին պատերազմի հաղթանակից հետո հայերը իրենց թույլ տվեցին հոգեբանորեն հանգստանալ և համարել, որ այդ պատերազմում կրած հաղթանակը հավերժ ապահովում է Հայաստանի ու Արցախի տարածքն ու պետականությունը․ «Սրա հետևանքն էլ բոլոր այն բացթողումներն են՝ սկսած կաշառակերությունից՝ թե պետության, թե բանակաշինության բնագավառում, մենք թույլ ենք տվել մեզ փորձել հանգիստ ապրել՝ մոռանալով, որ մեր հարևանները կենդանու բնազդով յուրաքանչյուր պահի պատրաստ են ոտնձգությունների։ Ռուսաստանի նկատմամբ, որը Ադրբեջանի ու Թուրքիայի հեռու գնացող ծրագրերի համար առավել մեծ խոչընդոտ է նման հայտարարություններ չեն արվում, պատճառը հզորության մեջ է, ինչը չենք կարող ասել Հայաստանի դեպքում»։
Նարա Մարտիրոսյան