13-ամյա երեխայի քարտը միջադեպի պահին լիցքավորված չի եղել․ «Երևանի ավտոբուս»

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած և հանրային լայն արձագանք ստացած միջադեպի առնչությամբ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն անհրաժեշտ է համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումը։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի պատասխանատուներն այսօր առավոտյան զրուցել են ինչպես միջադեպի պահին ստուգայց իրականացրած հսկիչի, այնպես էլ երեխայի ծնողի հետ։ Շուրջ երկու ժամ տևած քննարկման ընթացքում լսվել են երկու կողմերի բացատրությունները՝ նպատակ ունենալով հնարավորինս օբյեկտիվ և բազմակողմանի պարզել տեղի ունեցածի հանգամանքները։


Քննարկումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ միջադեպի մի շարք էական հանգամանքների, մասնավորապես՝ երեխայի և հսկիչի միջև տեղի ունեցած խոսակցության, ինչպես նաև երեխայի՝ տրանսպորտային միջոցից իջնելու կամ նրան իջեցնելու վերաբերյալ կողմերի ներկայացրած տեղեկությունները էականորեն տարբերվում են։ Միջադեպը տեղի է ունեցել թիվ 38 երթուղին սպասարկող «Հայգեր» մակնիշի ավտոբուսում, որը կահավորված չէ տեսաձայնագրող համակարգով։ Հետևաբար ընկերությունը հնարավորություն չունի տեսագրության միջոցով վերականգնելու դեպքի ընթացքը և ստուգելու կողմերի ներկայացրած տեղեկությունները։


Միաժամանակ, ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ երեխայի տրանսպորտային քարտը միջադեպի պահին լիցքավորված չի եղել և լիցքավորվել է միայն նույն օրը՝ ժամը 21։51-ին, մինչդեռ միջադեպը տեղի է ունեցել ժամը 15։00-ի սահմաններում։ Այս կապակցությամբ հարկ ենք համարում հիշեցնել, որ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 11.1 հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ ուղևորները պարտավոր են տրանսպորտային միջոց մուտք գործելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ, քան մեկ րոպեի ընթացքում, վավերացնել ուղեվարձի վճարման կրիչը և այն պահպանել մինչև ուղևորության ավարտը։


Միևնույն ժամանակ ընդգծում ենք, որ երեխայի քարտի չլիցքավորված լինելու փաստն ինքնին բավարար հիմք չէ եզրակացնելու, որ ուղևորության դիմաց վճարում չի կատարվել, քանի որ վճարումը կարող էր իրականացված լինել նաև այլ թույլատրելի եղանակով, այդ թվում՝ ծնողի կողմից։ Ինչ վերաբերում է երեխային ավտոբուսից իջեցնելու վերաբերյալ հրապարակված տեղեկություններին, ապա այս պահին առկա տվյալները հնարավորություն չեն տալիս միանշանակ հաստատելու կամ հերքելու կողմերի իրարամերժ պնդումները։ Այդուհանդերձ, անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից։

Ընկերությունը միջադեպի ուսումնասիրությունը ավարտված չի համարում և կշարունակի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ դրա բոլոր հանգամանքները հնարավորինս ամբողջական և օբյեկտիվ պարզելու նպատակով։ Եթե հետագա ուսումնասիրության արդյունքում հաստատվեն հսկիչի կողմից աշխատանքային պարտականությունների խախտման կամ ոչ իրավաչափ վարքագծի փաստեր, նրա նկատմամբ պատասխանատվության միջոցներ կկիրառվեն սահմանված կարգով։ Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ այս պահին ընկերության տրամադրության տակ չկան բավարար օբյեկտիվ ապացույցներ՝ հսկիչի կողմից աշխատանքային պարտականությունների խախտման փաստը հաստատված համարելու համար։ Յուրաքանչյուր աշխատակցի գործողությունների գնահատականը պետք է հիմնված լինի օբյեկտիվորեն պարզված փաստերի, այլ ոչ միայն կողմերի իրարամերժ պնդումների վրա։


«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ափսոսանք է հայտնում ստեղծված իրավիճակի և դրա հետևանքով երեխայի ու նրա ընտանիքի կրած անհանգստության համար ու ևս մեկ անգամ հայցում ծնողի ներողամտությունը։ Միաժամանակ հայցում ենք հանրության ըմբռնումը՝ հաշվի առնելով, որ ընկերությունը պարտավոր է հավասարապես հարգել և պաշտպանել ինչպես անչափահաս ուղևորի, այնպես էլ աշխատակցի իրավունքներն ու արժանապատվությունը։ Հորդորում ենք զերծ մնալ չստուգված տեղեկությունների հիման վրա վերջնական գնահատականներ տալուց և անհարկի մեղադրանքներ հնչեցնելուց՝ հնարավորություն տալով ամբողջությամբ և օբյեկտիվորեն պարզելու միջադեպի իրական հանգամանքները։


«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի համար առաջնային են ուղևորների, հատկապես երեխաների անվտանգությունը, հանրային տրանսպորտում փոխադարձ հարգանքի մթնոլորտի ապահովումը և բոլորի նկատմամբ արդար ու անկողմնակալ վերաբերմունքը։