Հաագայի դատարանում շանսերը դրական են գերիների վերադարձի մասով. Հարցը կքննվի հաջորդ շաբաթ
Հաագայում մեկ շաբաթից քննարկվելու է ի թիվս այլոց գերիների վերադարձի հարցը և ականապատված տարածքների քարտեզների հարցը: Չի բացառվում իրավիճակ, որ Դատարանը պարտադրի գերիների վերադարձ, բայց չպարտադրի քարտեզների տրամադրում, և այս առումով վարչապետ Նիկոլ  Փաշինյանի այս շտապողականությունը խիստ մտահոգիչ է:

Այս առնչությամբ Վենետիկի հանձնաժողովում Հայաստանի երկրորդ փոխարինող անդամ, միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ շանսերը դրական են գերիների վերադարձի մասով:

«Քարտեզների մասով դժվար է մեկնաբանել: Գերիների հետ կապված կոնկրետ ինձ համար հասկանալի և կանխատեսելի են հայկական կողմի փաստարկները, իսկ քարտեզների մասով մենք տեսանք շատ հապճեպ ներկայացրած դիմում: Ես չեմ պատկերացնում, թե այդ դիմում կոնտեքստում կարող է տեղավորվել քարտեզների հարցը: Քանի դեռ ամբողջությամբ  չես լսել փաստարկումը, վերջնական դժվար է գնահատական տալ: Համենայնդեպս, եղած փաստարկների համատեքստում ես չեմ տեսնում հիմքեր ընդհանրապես կոնվենցիայի շրջանակներում հնարավոր է նման պահանջը բավարարել»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ նախկինում նշվում էր, որ գործն արագ ընթացք չի ունենա, սակայն հիմա պարզվում է, որ հաջորդ շաբաթ հարցը քննվելու է, արդյոք սա նշանակում է, որ միջազգային հանրությունը շահագրգիռ է գերիների վերադարձի հարցով, Արա Խզմալյանն ասաց. «Չեմ կարծում, որ խոսքը շատ ուշ ժամկետների մասին էր: Մենք 2-3 ամիս էինք ակնկալում, շատ մեծ տարբերություն չեղավ: Իհարկե, դրական է, որ շուտ են արձագանքում. բայց ընդհանուր առմամբ, այնպես չէ, որ շատ մեծ է տարբերությունը»:

Հարցին, թե եթե Հաագայի դատարանը պարտավորեցնի վերադարձնել գերիներին, Ադրբեջանն ուզի-չուզի պետք է կատարի՞ այդ պահանջը, իրավական հետևանքներն ինչպիսի՞ն կլինեն, նա պատասխանեց. «Ամենայն հավանականությամբ պետք է ենթադրել, որ պետք է ստիպված լինեն գնալ այդ քայլին: Իհարկե, կփորձեն հնարավորինս ձգձգել, քաշքշուկներ ստեղծել, բայց արդեն այդ պայմաններում դատարանի որոշումը կատարելուց հրաժարվելը շատ վտանգավոր է լինելու հենց իրենց համար հետագա փուլերում»: