Բաքվում ոստիկանը 8 անգամ կրակել և սպանել է ամուսնու դեմ բողոք ներկայացնելու համար բաժանմունք եկած կնոջը. JAMnews
JAMnews. Բաքվի ոստիկանական բաժանմունքում ոստիկանության սերժանտ Իսմայիլ Մամեդովը սպանել է իր 27-ամյա կնոջը՝ Խանըմ Մամեդովային, որը եկել էր ամուսնու դեմ բողոքելու։ Այս սպանությունը բողոքի ալիք է առաջացրել ադրբեջանական հասարակությունում։ Բայց կան նաև մարդիկ, որոնք սատարում են մարդասպանին։

Ի՞նչ է տեղի ունեցել

Սեպտեմբերի 30-ի առավոտյան Բաքվի Նիզամիի թաղամասի №24 ոստիկանական բաժանմունքում սպանություն է տեղի ունեցել։

27-ամյա Խանըմ Մամեդովան ոստիկանական բաժանմունք էր եկել՝ իր ամուսնու դեմ դիմում գրելու, հաղորդում է Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Կինը բողոքել էր, որ ամուսինն իրեն հաճախ ծեծում է։ Այս մասին ոստիկանության աշխատակիցները հաղորդել են նրա ամուսին և իրենց գործընկեր, սերժանտ Իսմայիլ Մամեդովին։ 

Բաժանմունք ժամանելով՝ Իսմայիլ Մամեդովը կնոջ վրա կրակել է իր տաբելային զենքով և սպանել։ Նշվում է, որ Մամեդովը կնոջ վրա կրակել է ութ անգամ։

Դրանից անմիջապես հետո Իսմայիլ Մամեդովը հանձնվել է իրավապահ մարմիններին։ Փաստի առթիվ հետաքննություն է ընթանում։

Ի՞նչ են ասում ազգականները


Սպանվածի մորաքրոջ՝ Նասիբա Մամեդովայի խոսքով՝ իր զարմուհու ամուսինը միշտ խանդոտ է եղել․

«Ինքս Բաքվում եմ ապրում, բայց այն բանից հետո, երբ նա ամուսնացել է, ոչ մի անգամ մեր տուն չի եկել։ Ես անգամ նրա հեռախոսահամարը չգիտեի։ Իսմայիլը նրան թույլ չէր տալիս տնից դուրս գալ»։

Հայտնի է դարձել, որ սպանված Խանըմ Մամեդովան ավարտել է Բաքվի պետհամալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը։

«Նրանք ծանոթացել են, երբ Խանըմը երկրորդ կուրսում էր սովորում։ Նրանք երկու երեխա ունեն։ Ավագն արդեն դպրոց է գնում, կրտսերը՝ մանկապարտեզ»։

Մեդիայի հաղորդագրությունների համաձայն՝ Խանըմ Մամեդովան ամուսնացել է 19 տարեկանում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։