Փարիզի դատարանն այսօր մեղավոր ճանաչելով Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին՝ 2012 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի անօրինական ֆինանսավորման համար, դատապարտեց նրան 1 տարվա ազատազրկման։
Նրա քարոզարշավում ավելի քան 40 միլիոն եվրո էր ծախսվել, ինչը գրեթե կրկնակի գերազանցում էր Ֆրանսիայում քարոզարշավի ֆինանսավորման համար սահմանված շեմը, գրում է The New York Times-ը:
Սարկոզին մեղադրանքը չի ընդունում։ Անցած հունիսին նա դատարանին ասել էր, որ չի զբաղվել իր քարոզարշավի կազմակերպչական ու ֆինանսական հարցերով։ Նախկին նախագահը դատական այսօրվա նիստին ներկա չի եղել, նրա շահերը պաշտպանում էր փաստաբանը, ով դատավճռից կարճ ժամանակ անց հայտարարեց, որ պարոն Սարկոզին կբողոքարկի այս վճիռը:
Դատավճիռն այսօր կայացվել է երկար տարիներ տևած հետաքննությունից և մայիս, հունիս ամիսներին կայացած դատավարություններից հետո, որոնք երկուսն էլ վերաբերում էին 2012 թվականի Սարկոզիի նախընտրական քարոզարշավին և հիմնված էին Ֆրանսիայի ընտրական խիստ կանոնների վրա:
66-ամյա պարոն Սարկոզին նախագահել է 2007-2012 թվականներին: Թեև նա այլևս ակտիվ չէ քաղաքականության մեջ և շարունակում է բախվել իրավական բազմաթիվ խնդիրների, նա դեռևս ազդեցիկ ձայն է համարվում ֆրանսիական «աջերի» համար:
Սա երկրորդ դեպքն է, երբ պարոն Սարկոզին դատապարտվում է ազատազրկման: Մարտին նա դարձավ Ֆրանսիայի նորագույն պատմության մեջ առաջին նախկին նախագահը, ով դատապարտվել է իրական ազատազրկման՝ կոռուպցիայի և պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով, երբ իր դեմ հարուցված դատական գործի վերաբերյալ նա դատավորից ապօրինաբար տեղեկատվություն ստանալու փորձ է կատարել: Պարոն Սարկոզին բողոքարկել է այդ դատավճիռը, ինչի արդյունքում պատիժը հետաձգվել է:
Սարկոզին համարվում է Ֆրանսիայի նորագույն պատմության մեջ երկրորդ նախկին նախագահը, ով առհասարակ դատապարտվել է հանցագործության համար. առաջին նախագահը եղել է Ժակ Շիրակը, ով մեղավոր ճանաչվեց 2011 թվականին՝ Փարիզի քաղաքապետի պաշտոնում պետական միջոցների յուրացման և չարաշահման համար:
Նշենք, որ ֆրանսիական օրենսդրության համաձայն՝ նախընտրական քարոզարշավների վրա ծախսերն ունեն սահմանափակ չափ՝ թեկնածուների հավասար մրցակցային պայմաններն ապահովելու համար: 2012 թվականին նախագահական քարոզարշավների սահմանափակումը՝ յուրաքանչյուր թեկնածուի համար ընտրությունների առաջին փուլում կազմել է մոտ 16,8 միլիոն եվրո կամ մոտ 19,7 միլիոն դոլար, իսկ երկրորդ փուլում՝ մոտ 5,7 միլիոն եվրո կամ մոտ 6,7 միլիոն դոլար՝ երկու ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուների համար, որոնց թվում էր պարոն Սարկոզին:
Իսկ կասկածները, որ նրա քարոզարշավը հատել է այդ սահմանները, առաջացել են ընտրություններից հետո: Դատախազները հետաքննություն են սկսել 2014 թվականին, ինչը նաև մեծ իրարանցում էր առաջացրել Սարկոզիի քաղաքական կուսակցության ներսում:
Ի վերջո, դատախազները պարզել են, որ քարոզարշավի ընթացքում Սարկոզիի թիմը ծախսել է առնվազն 42 միլիոն եվրո կամ մոտ 50 միլիոն դոլար՝ գրեթե երկու անգամ ավելի օրինական սահմանաչափից:
Սարկոզին մեղադրանքը չի ընդունում։ Անցած հունիսին նա դատարանին ասել էր, որ չի զբաղվել իր քարոզարշավի կազմակերպչական ու ֆինանսական հարցերով։
Սյուզի Սիրականյան