Աֆղանստանում ստեղծագործող մի շարք երգիչներ փախչել են Պակիստան։ Նրանք հայտնել են, որ երկրում թալիբների իշխանության հաստատումից հետո նրանց այլ ելք չէր մնում, քան փախչելը, գրում է BBC-ն՝ զրուցելով աֆղանցի 6 երգչի հետ, որոնք անօրինական կերպով հատել են Պակիստանի սահմանն ու այժմ թաքնված են ապրում:
Երգիչներից մեկը նշել է, որ վախենում է մահապատժի ենթարկվելուց, եթե մնա Աֆղանստանում:
Նշենք, որ թալիբները Աֆղանստանում արգելել են երաժշտությունը։ Նրանք մեղադրվում են մի ժողովրդական երգչուհու մահապատժի ենթարկելու մեջ. դեպքը տեղի է ունեցել օգոստոսին՝ հյուսիսային Բաղլան նահանգում։ Զինյալները չեն արձագանքել այդ մեղադրանքին:
Երգիչներից մեկի որդին Associated Press-ին հայտնել է, որ իր հորը գնդակահարել են իրենց ընտանեկան ֆերմայում՝ Անդարաբի հովտում։
Երաժշտությունը արգելված է եղել «Թալիբան»-ի նախորդ ռեժիմի ժամանակ նույնպես։ Երգիչներից մեկը նշել է, որ նրանք բոլորը կարծել են, թե զինյալ խումբն այժմ այս հարցում նախկին հայացքները չի ունենա և թույլ կտա մարդկանց շարունակել զբաղվել երաժշտությամբ: Սակայն Աֆղանստանում վերահսկողություն հաստատելուց հետո թալիբները փնտրել են նրան, կոտրել բոլոր երաժշտական գործիքները:
«Կեսգիշերին աշխատասենյակիս պահակը զանգահարեց ինձ և ասաց, որ ինչ-որ զինված մարդիկ եկել և կոտրել են բոլոր գործիքները։ Նրանք դեռ այստեղ են և քո մասին են հարցնում»,- պատմել է նա: Երգիչն իր ընտանիքի հետ հեռացել է Քաբուլից դեպքի հաջորդ օրը՝ վաղ առավոտյան:
Բոլոր այս երգիչներն ու երաժիշտները, ովքեր Աֆղանստանից փախել են Թորխամի և Չամանի սահմանային կետերով, այժմ թաքնվում են Իսլամաբադի և Փեշավարի արվարձաններում և փորձում են Պակիստանից դուրս գալու միջոցներ գտնել:
Երգիչներից մեկը, որն ընկերոջ հետ այժմ ապրում է Ռավալպինդիում, BBC-ին ասել է, որ եթե թալիբները գտնեն իրեն, ապա մահապատժի կենթարկեն, քանի որ, նախքան թալիբների ներխուժումը, ինքն Աֆղանստանի ազգային բանակին նվիրված երգ է կատարել։