«Թալիբան»-ը կթույլատրի 200 մարդու մեկնել Քաբուլի օդանավակայանից, այդ թվում՝ ամերիկացիների
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Մոտ 200 մարդու, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքացիների, «Թալիբան»-ը թույլատրել է լքել Քաբուլը Կատար մեկնող չվերթով։ Այս մասին հաղորդում է CNN-ը:
Դեռևս անհայտ է՝ քանի՞ ամերիկացի կլինի մեկնող ինքնաթիռում, կամ ի՞նչ ազգություն կարող են ունենալ մնացած տարհանվածները:
Քաբուլից Դոհա մեկնող չվերթին հերթագրվող մի քանի ուղևորներ նշել են, որ իրենց վերջնական կետը Կանադան է: «Մենք գնում ենք Կանադա, մենք կանադացիներ ենք»,- օդանավակայանում անգլերենով ասել է մի տղամարդ արաբական «Ալ-Ջազիրա»-ի լրագրողին: Եվս երկուսը կրկին ասել են՝ մեկնելու են Կանադա:
Նշենք, որ ավելի վաղ «Թալիբան» շարժման արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Մավլավի Ամիր Խան Մութաքին շնորհակալություն էր հայտնել Կատարի հատուկ պատվիրակ Մութլաք Ալ-Քահթանիին՝ Քաբուլի միջազգային օդանավակայանից թռիչքները վերսկսելու ուղղությամբ իր երկրի գործադրած ջանքերի համար:
Սպասվելիք չվերթի մասին ամերիկացի պաշտոնյաներից մեկը CNN-ին հայտնել է, որ թալիբները մոտ 200 մարդու հեռանալու իրենց համաձայնությունը տվել են այն բանից հետո, երբ Աֆղանստանում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը ճնշում է գործադրել նրանց վրա:
Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չորեքշաբթի օրը «Թալիբան»-ին մեղադրել էր Աֆղանստանի հյուսիսում չարտերային թռիչքները չեղարկելու համար՝ նշելով, որ զինյալները մարդկանց թույլ չեն տալիս հեռանալ: Թալիբներն, իրենց հերթին, պնդում էին, որ ուղևորներից շատերը չունեն անհրաժեշտ փաստաթղթերը։
Սյուզի Սիրականյան