Հանրապետության դպրոցների տնօրենների մեծ մասը ՀՀԿ-ական է, եթե հանրահավաքին մասնակցելու պարտադրանք լիներ՝ աղմուկ կբարձրանար
Երեկ գիշերը «Dejavu» թելեգրամյան ալիքը ձայնագրություններ էր հրապարակել, որոնցում մի երիտասարդ զանգահարում էր Էջմիածնի քաղաքապետի տեղակալին, Լոռու մարզպետի խորհրդականին և Մեղրաշեն համայնքի ղեկավարին, ներակայնում որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ և հարց ու փորձ անում այսօրվա կայանալիք հանարահավաքին իբր նրանց կողմից «մարդկանց քանակ ապահովելու» մասին։   

Լոռու մարզպետի խորհրդական Արմեն Հարությունյանը, Civic.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Dejavu» թելեգրամյան ալիքի հրապարկմանը, նշեց, որ այն կեղծ ինֆորմացիա է․ «Լոռեցիներն իրենց կամքով են գնում հանրահավաքի, պարզապես իրենց տեղեկացվել է հանրահավաքի մասին։ Թելեգրամյանն ալիքն այս ամենը սխալ ֆոնի ներքո է ներկայացրել»,-ասաց նա։ 

Ըստ թելեգրամյան ալիքի Լոռու մարզպետի խորհրդական Արմեն Հարությունյանն ասել է, որ ողջ օրը զանգերի, հանդիպումների միջոցով աշխատել են․ «Բոլոր հարցերով զբաղվում են, դպրոցներից նորմալ թիվ ա»։

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, մեզ հետ զրույցում մեկնաբանելով իր խորհրդականի հեռախոսազրույցը, նախ ընդգծեց, որ հիմա ոչ մեկին ոչ մի բան հնարավոր չէ պարտադրել և շարունակեց․ «Ովքեր պետք է գան հանրահավաքին իրենց ցանկությամբ կգան։ Իմ խորհրդականը նկատի է ունեցել՝ եթե դպրոցներից ցանկություն ունենան մասնակցել հանրահավաքին՝ կարող են գնալ աշխատանքային ժամից հետո, և դա իրենց իրավունքն է, բացի ուժային կառույցներից»։  

Էջմիածնի քաղաքապետի տեղակալ Արսեն Պետրոսյանն էլ թելեգրամյան ալիքի ներկայացմամբ՝ ՔՊ անդամ ներկայացած անձի հետ հեռախոսազրույցի ժամանակ շեշտել էր, թե տրանսպորտի պահով շատ բան չի արել, և հիմնականում մարդկանց ասել է իրենց մեքենաներով գան հանրահավաքի, որ հետո «պոզ ու պոչ չկպցնեն», ասեն վարչական ռեսուրս կիրառեցին, ավտոբուսները լցրին բերին զոռով։ 

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը Civic.am-ին ասաց, որ ինքը որպես քաղաքապետ՝ քաղաքացիներին հանրահավաքին մասնակցելու կոչ չի արել և նույնիսկ չի հետաքրքրվել՝ արդյո՞ք կան ցանկացողներ, թե ոչ․ «Ո՛չ նախորդ, ո՛չ այս հանրահավաքին էջմիածնեցիներին որևէ հրահանգ, անգամ ակնարկ չենք տվել մասնակցելու։ Բայց շատ էջմիածնեցիներ ինքնաբուխ մասնակցել են նախորդ հանրահավաքին, և կարծում եմ՝ կմասնակցեն նաև այս մեկին»։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է գնահատում, արդյո՞ք վարչական ռեսուրսի կիրառում է, երբ պետական կառույցները չեն կիրառում որևէ վարչական ռեսուրս հանրահավաքին մարդկանց թիվ ապահովելու համար և միայն մարդկանց տեղեկացնելով ու հայտարարություններով են հանդես գալիս։ 

Ի պատասխան մեր հարցադրման՝ իրավապաշտպանն ընդգծեց, որ վարչապետի կոչը ամբողջությամբ բավարար է, և  համայնքների ղեկավարները, մարզպետները չպետք է հանդես գան կոչերով․ «Եթե պետական կառույցներն օրինակ աշխատում են մինչև 6-ը, աշխատողը չպետք է աշխատանքի ժամին գնա հանրահավաքի»։ 

Մեր դիտարկմանը, որ հանրահավաքն այսօր ժամը 18։30 է սահմանաված՝ Արթուր Սաքունցն արձագանքեց․ «Օրինակ Լոռու, Շիրակի մարզից Երևան հասնելու համար առնվազն 2 ժամ է պետք, հետևաբար ստացվում է աշխատակիցը ժամը 4։30 պետք է դուրս գա, իսկ այդ ժամն աշխատանքային ժամ է»։ 

Այս համատեքստում իրավապաշտպանը նաև հավելեց, որ ներկայիս իշխանությունը պետական կառույցների հանդեպ ամբողջական վերահսկողություն չունի, հակառակ դեպքում՝ ԶՈւ գլխավոր շտաբը, ՏԻՄ-երը այդպես չէին պահի իրեն․ «Դպրոցները, պետական կառույցները հո՞ չեն փոխվել։ Ժամանակին ասում էինք, որ դպրոցների տնօրենների մեծ մասը «Հանրապետական» են, և եթե հիմա հանրահավաքին պարտադիր մասնակցելու հրահանգ լիներ, պատկերացնու՞մ եք ինչ աղմուկ կլիներ։ Ես քիչ առաջ ստացա տեղեկատվություն, որ Վանաձորի պետական համալսարանի ռեկտորատի նիստ է եղել, և ոչ մի խոսք չի եղել հանրահավաքին գնալու մասին»։ 

Civic.am-ը հրապարակված ձայնագրությունների և հանրահավաքին մարդկանց քանակ ապահովելու լուրերի շուրջ մեկնաբանություն խնդրեց նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանից։ 

 «Ես, ճիշտն ասած, լսել եմ այդ ձայնագրությունները, լսել եմ նաև կարծիքներ, որ դրանց մի մասը կեղծված են, ինչը ևս շատ հավանական է, քանի որ դրանք տրամադրած աղբյուրները օրական ռեժիմով մեդիատեռորի են ենթարկում քաղաքացիներին։ Օրինակ՝ երկու օր առաջ պատմում էին, որ ոստիկանապետն է հրաժարական տվել, երեկ տարածում էին, որ Հայաստան ինչ-որ թուրք զինվորականներ են եկել։ Մի խոսքով տարածում են ամեն տեսակ ցնդաբանություն, միայն թե վնասեն իշխանությանը»,-ասաց Վահագն Ալեքսանյանն ու հավելեց, որ եթե չի սխալվում՝ Էջմիածնի փոխքաղաքապետը հաստատել է, որ հենց ինքն է ձայնագրությունում․ «Եթե լսել եք նրա ձայնագրությունը, հաստատ ֆիքսել եք, որ հենց ինքն էլ շեշտում է, որ չի պատրաստվում վարչական ռեսուրս օգտագործել, այլ ընդամենը մարդկանց կոչ է արել գալ հանրահավաքին սեփական մեքենաներով։ Ինչը, կարծում եմ՝ առավել քան նորմալ է»։

ՔՊ հանրային կապերի համակարգողն ընդգծեց նաև, որ Սյունիքի համայնքապետերն էլ կոչ են անում իրենց համակիրներին այլ հավաքների գնալ, և դա էլ է նորմալ․ «Միակ խնդիրը, որը կարող է առաջանալ՝ համայնքապետարանի աշխատակիցներին ստիպողաբար հանրահավաքի տանելն է, ինչը մենք՝ ՔՊ-ն, բացառում է։ Մենք այդ գործիքակազմը մերժել ենք, դա մերը չէ և հատկապես շեշտեմ, որ մենք դրա կարիքը չունենք։ Մեր նախորդ երթին մասնակցած քաղաքացիները լավ են հիշում Երևանի շենքերի պատշգամբներն ու պատուհանները, լավ են հիշում մարդկանց ողջույններն ու քաջալերանքը երթի ամբողջ ճանապարհին։»։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայրենակիցներին կոչ արեց մասնակցել այսօր՝ Մարտի 1-ին կայանալիք հանրահավաքին, իսկ ավելի ուշ ընդգծեց, որ հանրահավաքի ժամանակ կանդրադառնա այն հարցին՝ ի վերջո բացահայտվա՞ծ է արդյոք 2008 թվականի Մարտի 1-ի ոճրագործությունը, թե ոչ, եւ իրողություններն ի ցույց կդնի 1999 թ. հոկտեմբերի 27-ի հետ համեմատության ֆոնին:

Նարա Մարտիրոսյան