Նոր Զելանդիայում առողջական խնդիրներ ունեցող մի կին մահացել է՝ «Ֆայզեր» պատվաստանյութը ստանալուց հետո. մահվան պաշտոնական պատճառը դեռ պարզված չէ
Նոր Զելանդիան հայտնել է, որ կան ենթադրություններ, որ գրանցվել է առաջին մահը՝ Covid-19-ի դեմ «Ֆայզեր» պատվաստանյութի պատճառով։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ 

Պատվաստանյութերի անվտանգության մոնիտորինգի անկախ խորհուրդը հայտարարել է, որ կնոջ մահը «հավանաբար» տեղի է ունեցել սրտամկանի բորբոքումից՝ միոկարդիտի պատճառով: Նաև նշվել է, որ կան այլ բժշկական խնդիրներ, որոնք կարող էին ազդել պատվաստման արդյունքի վրա:

Եվրոպական կարգավորող մարմինները, սակայն, ասում են, որ միոկարդիտը շատ հազվադեպ պատահող կողմնակի ազդեցություն է, և պատվաստանյութերի դրական կողմերը գերակշռում են ռիսկերը:

Կնոջ մահվան պաշտոնական պատճառը դեռ պարզված չէ: Այնուամենայնիվ, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի անվտանգության անկախ մոնիտորինգի խորհուրդը նշել է, որ միոկարդիտը հավանաբար պայմանավորված է պատվաստումներով:

«Սա առաջին դեպքն է Նոր Զելանդիայում, երբ պատվաստումներին հաջորդող օրերի մահը կապված է եղել  COVID19-ի «Ֆայզեր» պատվաստանյութի հետ: Մինչդեռ Վնասակար ազդեցությունների մոնիտորինգի կենտրոնը ստացել է վերջերս պատվաստված մարդկանց մահվան այլ զեկույցներ, որոնցից ոչ մեկը չի կապվում պատվաստումների հետ»,- ասված է նրանց հաղորդագրության մեջ:

Սյուզի Սիրականյան