Պուտին-Էրդողան հանդիպման չկայանալու պատճառն այն է, որ չեն կարողացել համապատասխան փաստաթղթեր պատրաստել գազային հանգույցի ձևավորման հետ կապված. թուրքագետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի փետրվարի 12-ին նախատեսված այցը Թուրքիա հետաձգվել է։ Այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Անկարայում գտնվող դիվանագիտական աղբյուրը։ Ըստ աղբյուրի՝ այցի հետաձգման պատճառը Ռուսաստանում մարտի 17-ին կայանալիք նախագահական ընտրություններն են։ Նույն աղբյուրի համաձայն՝ ՌԴ նախագահի այցը Թուրքիա կկայանա ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտնել էր, որ Թուրքիա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցի ընթացքում նախատեսվում էր քննարկել, մասնավորապես, էներգետիկ ոլորտում ռուս-թուրքական համագործակցության հարցեր:

Նախատեսված էր նաև քննարկել «համագործակցությունը գազային հանգույցի ստեղծման, էներգետիկայի, «Աքքույու» ատոմակայանի կառուցման, հացահատիկային միջանցքի շուրջ։ Օակարգում էին նաև  Ուկրաինայի և Գազայի հարցերը։ Այս առնչությամբ Civic.am-ի հետ զրույցում հայտնելով իր տեսակետը՝ թուրքագետ Նելլի Մինասյանն ասաց, որ նախատեսվող այցի օրակարգում կային մի քանի կարևոր հարցեր, դրանք հիմնականում տնտեսական խնդիրներ էին։

«Երկու կարևորագույն  խնդիր էր դրված երկու նախագահների հանդիպումների առանցքում։ Առաջինը գազային հանգույցի ձևավորման հետ կապված խնդիրներն էին, նախորդ այցելությունը ևս հիմնականում դրա համար էր հետաձգվել, որովհետև երկու կողմերը չէին կարողացել համապատասխան փաստաթղթեր պատրաստել, ու հիմա էլ կա այդ խոսակցությունը, որ փաստաթղթեր չեն պատրաստել։ Եվ երկրորդը վերաբերում է բանկային համակարգին։ Թուրքական բանկերը գրեթե ամբողջությամբ դադարեցրել են ռուսական բանկերի, ռուսական քարտերի հետ աշխատանքները, և այստեղ խոսակցություն էր գնում, որ առաջարկ կա, որ ստեղծեն մի հարթակ կամ ռուս-թուրքական ընդհանուր մի բանկ, որը կսպասարկի բացառապես Թուրքիայի այն քաղաքացիներին, որոնք առևտուր են կատարում Ռուսաստանի հետ և բնականաբար ռուսական կողմից գործունեությունը կապահովեն Թուրքիայում։ Դա կրկին բավականին բարդ խնդիր էր, որովհետև կա պատժամիջոցների համակարգ, որը ԱՄՆ-ը կիրառել է թուրքական բանկերի նկատմամբ, և այս առումով Թուրքիայի վրա կան բավականին մեծ ճնշումներ։ Ամենայն հավանականությամբ համաձայնություններ ձեռք չեն բերվել»,- ասաց թուրքագետը։

 
Լիլիթ Թադևոսյան