«Վրաց ժողովուրդը պետք է ազատագրի իրեն և ինձ. Ինձ ամեն օր տանջում են, քանի որ անչափ սիրում եմ մեր ժողովրդին». Սաակաշվիլիի ուղերձը
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հանդես է եկել ուղերձով՝ քաղաքացիներին կոչ անելով ազատել իրեն բանտից։ 
Ավելի վաղ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման հարցերով կոմիտեն քննադատական դիտողություններ էր հրապարակել Թբիլիսիի «Վիվամեդի» կլինիկայում տիրող իրավիճակի վերաբերյալ, որը բժշկական ծառայություններ է մատուցում վրացի բանտարկյալներին, այդ թվում՝ Սաակաշվիլիին։

«Ամբողջ աշխարհը գիտի, որ ես քաղբանտարկյալ եմ։ Ինձ դատել ու դատելու են սկզբից մինչև վերջ շինծու մեղադրանքներով։
Ես ոչինչ չեմ արել՝ բացի մեր երկրի համար բարի բանից: Ինձ դատում են այն բանի համար, որ ես ամբողջ աշխարհին ծանոթացրել եմ Վրաստանի հետ, երկիրը հանել եմ հանցավորության ու աղքատության ճահճից, լուսավորել ու պետություն եմ կազմավորել։ Ինձ դատապարտում են այն բանի համար, որ 2008-ին չեմ փախչել և պահպանել եմ պետությունը: Հիմա ինձ ամեն օր տանջում են, որովհետև ես անչափ սիրում եմ մեր ժողովրդին և ուզում եմ օգնել նրան։

Պուտինն ինձ կալանավորել է ոչ միայն այն պատճառով, որ ես չհանձնեցի Վրաստանը, այլ նաև այն պատճառով, որ ամենակրիտիկական ժամանակաշրջանում ես նրա ճիրաններից պոկեցի նրա համար այդքան ցանկալի Օդեսայի շրջանը։ Ինձ կալանավորել են Վրաստանում և Ուկրաինայում հաջողության օրինակներ ստեղծելու համար։ Ինձ կալանավորել են, քանի որ ես տարածաշրջանի գլխավոր առաջնորդներից մեկն եմ և ազատ աշխարհի առաջնորդ Զելենսկու դաշնակիցը։ 

Վրաց ժողովուրդը պետք է ազատագրի իրեն, նա պետք է ազատի նաև ինձ։ Ինձ պետք է ազատ արձակեն հիմա, որպեսզի կարողանամ ավելի արդյունավետ օգնել, բայց ինչ գերության մեջ էլ լինեմ, պայքարելու եմ մինչև վերջ՝ մինչև Վրաստանի և Ուկրաինայի լիակատար հաղթանակը»,- գրել է Սաակաշվիլին սոցցանցում։