Ոստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումները

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ քրոջ 36-ամյա փեսացուն նրան զրկել է ազատությունից և պահում է Արտաշատ քաղաքում։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:


«Ահազանգին անհապաղ արձագանքած Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի, Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և մարզի պարեկային ծառայողների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ Երևանի 36-ամյա բնակիչը 22-ամյա հարսնացուին պահում է Արտաշատ քաղաքի Դուրյան փողոցի տներից մեկում։ Ոստիկանները տեղեկություններ ունեին նաև, որ տղամարդը կարող է զինված լինել։


Տղամարդը հրաժարվել է ոստիկանների պահանջով բացել տան դուռը, ինչից հետո դեպքի վայր է կանչվել Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության խումբ։ Ոստիկանների և փրկարարների համակարգված գործողությունների արդյունքում տղամարդն ի վերջո բացել է դուռը։


Ոստիկանները կնոջը տեղափոխել են անվտանգ վայր, իսկ տղամարդուն՝ ձերբակալել։ Տան բազմոցին հայտնաբերված ատրճանակն առգրավվել է։


Իրավիճակին ցուցաբերված օպերատիվ և համարժեք արձագանքի շնորհիվ կանխվել են դեպքի հնարավոր վտանգավոր զարգացումները։


Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 36-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր»,- ասվում է հաղորդագրությունում։