Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ օտարերկրյա քաղաքացի մի խումբ տղամարդիկ ծեծի և սպառնալիքի միջոցով ստիպում են օտարերկրացի կանանց զբաղվել մարմնավաճառությամբ և վերցնում այդ ճանապարհով ստացված գումարը։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օտարերկրացի տղամարդիկ, նախնական համաձայնությամբ և խմբի կազմում, շահագործման նպատակով հավաքագրել են այլ երկրներում ապրող կանանց ու աղջիկների և բարձր վարձատրվող օրինական աշխատանքի կեղծ խոստումով կազմակերպել նրանց տեղափոխումը Հայաստան։
Բացահայտվել է նման երկու դեպք։
Մի դեպքում կանայք տեղափոխվել են Երևանի հյուրանոցներից մեկը, որտեղ օտարերկրացի մի տղամարդ, օգտագործելով կանանց անօգնական և խոցելի վիճակը, բռնություն գործադրելու սպառնալիքով ստիպել է նրանց՝ գումարի դիմաց սեռական ծառայություններ մատուցել իր հայրենակից տղամարդկանց։
Նմանատիպ երկրորդ դեպքում սեռական շահագործումը կազմակերպվել է Ջրվեժ գյուղում։ Այստեղի առանձնատներից մեկում օտարերկրացի երկու տղամարդ առանձին սենյակներում մեկուսացրել են խաբեությամբ Հայաստան տեղափոխված կանանց՝ ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ և վերցրել այդ ճանապարհով ստացված գումարը։
«Օպերատիվ տվյալներն իրացվեցին նոյեմբերի 16-ին։ Հիշյալ հյուրանոցից և Ջրվեժ գյուղի առանձնատնից մի խումբ անձինք տեղափոխվեցին Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, որտեղ Մարդու թրաֆիքինգի և շահագործման ենթադրյալ զոհերից ընդունվեցին հաղորդումներ։ Օտարերկրացի երեք տղամարդիկ ձերբակալվեցին։
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ։
Օտարերկրացի տղամարդկանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության մեջ: