Ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար կգործի անվճար և շուրջօրյա թեժ գիծ. նախագիծը դրվել է քննարկման

Նոյեմբերի 25-ին մեկնարկող «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» արշավի շրջանակում աշխատանքի և բարեկեցության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի համար նախատեսված «թեժ գիծ» ծառայության գործունեության կարգն ու պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Այս մասին հայտնում են նախարարությունից:


«Նախագծի նպատակն է ապահովել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերում օգնության դիմելու անվճար, շուրջօրյա և համապետական հասանելիությամբ ծառայություն, որի միջոցով ընտանեկան բռնության ենթարկված անձը կստանա առաջնային խորհրդատվություն, անհրաժեշտ տեղեկատվություն և համապատասխան աջակցության ծառայություններից օգտվելու հնարավորություն։


Նախագծով սահմանվում են թեժ գծի գործարկման և սպասարկման, դիմումների ընդունման ու արձագանքման, իրավիճակի նախնական գնահատման, աջակցության կենտրոնների և ապաստարանների հետ կապի ապահովման, դիմումների հաշվառման ու տեղեկատվության գաղտնիության պահպանման կանոնները։


Թեժ գիծը գործելու է շաբաթական յոթ օր, օրական 24 ժամ։ Դիմելու հնարավորությունը նախատեսվում է ապահովել հեռախոսազանգով, վեբկայքի, ծրագրային հավելվածի, էլեկտրոնային փոստի, կարճ հաղորդագրությունների և այլ հասանելի միջոցներով։


Նախատեսվում է նաև անանուն դիմելու հնարավորություն. անձի՝ իր ինքնությունը չբացահայտելն ինքնին հիմք չի հանդիսանալու նրան առաջնային խորհրդատվություն կամ աջակցություն տրամադրելուց հրաժարվելու համար՝ բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի։


Նախագծի վերաբերյալ առաջարկներ կարող եք ներկայացնել e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ հետևյալ հղմամբ՝ https://e-draft.am/projects/10971»,- հայտնում են նախարարությունից: