«Ի՞նչ է, ես ճամպրո՞ւկ եմ նրա համար». Զելենսկին՝ ի պատասխան Լուկաշենկոյի առաջարկի

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն առաջարկել է միասին թռչել Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խաղաղության բանակցությունների։


«Մենք Զելենսկիի հետ կարող ենք նստել և թռչել Մոսկվա։ Երկուսով։ Որպես նրա անվտանգության երաշխավոր՝ ես կարող եմ նրա հետ նստել և թռչել Մոսկվա»,- ասել է Լուկաշենկոն ֆրանսիական Le Point ամսագրին տված հարցազրույցում։


Նա հավելել է, որ պատերազմն ավարտելու վերաբերյալ Ռուսաստանը, Ուկրաինան և Բելառուսը իրար հետ կարող են պայմանավորվել ավելի արագ, քան եվրոպացիների։ Լրագրողի նկատառմանը, թե Զելենսկին չի համաձայնի նման ձևաչափի, Լուկաշենկոն պատասխանել է. «Չի համաձայնի՝ թող կռվի։ Թող ինքը գնա ռազմաճակատ՝ գնդացրով, և կռվի։ Պատերազմը շարունակվում է, այն պետք է կանգնեցնել։ Եվ մենք կարող ենք պայմանավորվել»։


Վլադիմիր Զելենսկին սա անվանել է «անլուրջ զրույց»։ «Մենք պատերազմի մեջ ենք։ Մենք չենք կարող հանդիպել Մոսկվայում, չենք կարող հանդիպել Կիևում։ Մենք բոլորս սա հիանալի հասկանում ենք»,- ասել է նա։


Զելենսկու խոսքով՝ նման առաջարկները կողմերին չեն մոտեցնում պատերազմի ավարտին։


«Նա առաջարկում է ինձ իր հետ վերցնել։ Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրո՞ւկ եմ, ի՞նչ է։ Դնել ինձ ինքնաթիռ և թռչել։ Ինչո՞ւ Մոսկվա»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։