ՀԷՑ-ի բաշխման ցանցի վիճակից մի դրվագ. Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել

Ռոմանոս Պետրոսյանը սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բաշխման ցանցի վիճակին՝ ներկայացնելով Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութ բնակավայրերում տեղի ունեցած վթարի մանրամասները։


«ՀԷՑ-ի բաշխման ցանցի վիճակից մի դրվագ. երեկ Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութ բնակավայրերում տևական ժամանակ հոսանքազրկում ենք ունեցել։ Պատճառն այն էր, որ տվյալ բնակավայրերը սնող 6 կՎ օդային գիծը առատ ձյան և բքի հետևանքով վթարվել էր 8 տեղից, ինչպես նաև կողաշրջվել էին մի քանի փայտյա հին հենասյուներ։


Այսպիսի պայմաններում ամբողջ գիշեր ՀԷՑ-ի «Գեղամա» մասնաճյուղի և Վարդենիսի էլցանցի հերթապահ մի քանի շրջիկ խմբեր իրականացրել են տեղազննություն, և վաղ առավոտյան արդեն 3-5 բրիգադների կողմից իրականացված վթարավերականգնողական աշխատանքների արդյունքում վերականգնվել է մեր սպառողների էլեկտրամատակարարումը։


Եվ այսպիսի վիճակում գտնվող տասնյակ հազարավոր կիլոմետր օդային գծեր ունենք մեր երկրի ողջ տարածքում, իսկ առջևում ձմեռ է…


Վստահաբար, ՀԷՑ-ի մեր աշխատակազմն անհոգնել և պատվով շարունակելու է կատարել իր վրա դրված խնդիրը, մինչև սակագնային մարժայով նախատեսված միջոցների և ժամանակավոր կառավարման շրջանում ունեցած ահռելի ֆինանսական խնայողությունների հաշվին մեզ կհաջողվի առաջիկա տարիների ընթացքում հետևողականորեն արդիականացնել ՀԷՑ-ի բաշխման ցանցը և վթարային իրավիճակները նվազագույնի հասցնել։


Հ.Գ. Թե բա՝ «Մեկ միլիարդ դոլար արժե ՀԷՑ-ը»»,- գրել է Պետրոսյանը։