Ընդդիմությունը «ոչ» է ասում ոչ թե Սահմանադրությանը, այլ ժողովրդին

Ընդդիմությունը «ոչ» է ասում ոչ թե Սահմանադրությանը, այլ ժողովրդին. այսպիսի կարծիք է հայտնել ԱԺ «Քաղաքացիական  պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով  այսօր հրապարակված նոր Սահմանադրության տեքստի վերաբերյալ ընդդիմության դիրքորոշմանը։


Խորհրդարանական  ընդդիմությունը, նկատենք, ի պատասխան ՀՀ վարչապետի՝ քանիցս արած առաջարկին՝ կողմ քվեարկել Սահմանադրությանը, և անկախ քվեարկության ելքից՝ ինքը կհեռանա. «ոչ»-ի դեպքում՝ հրաժարական, «այո»-ի դեպքում՝ չի առաջադրվի վարչապետի թեկնածու արտահերթ կամ հերթական ընտրությունների ժամանակ։  


«Իրենք «ոչ» են ասում ժողովրդի ընտրական իրավունքին, ժողովրդի կողմից իր ապագան որոշելու իրավունքին։ Ընդդիմությունը դա է ասում։ Ընդդիմությունը փակում է այն ճանապարհը, որը տանում է դեպի ժողովրդի կողմից ընտրություն կատարելուն։ Մենք ասում ենք՝ Սահմանադրությունը ներկայացնենք ժողովրդի դատին, հարգելի ընդդիմություն։ Սրանից լավ ժողովրդավարական մեխանիզմ և պատեհ պահ գոյություն չունի։ Բերենք, ձեր ասած վատ Սահմանադրությունը  ներկայացնենք մեր ժողովրդին, մեր ժողովուրդը թող ասի՝ լա՞վն է, թե՞ վատն է։ Եթե ասում է՝ վատն է, մենք հեռանում ենք իշխանությունից։ Որ ասում են՝ «ալիևյան», հատուկ են դա հնարել, որպեսզի ներազդեն հանրության հուզական վիճակի վրա։ Բայց եկեք ֆիքսենք՝ իրենք «ոչ» են ասում ժողովրդավարությանը, ՀՀ ժողովրդի կողմից իր ապագան որոշելու գործընթացին»,- նշեց Խաչատրյանը։


Նա միաժամանակ մեջբերեց ընդդիմության կողմից արվող այն «ալիբին», թե՝ մենք եկել ենք խորհրդարան, որ չթողնենք նոր Սահմանադրությունը հասնի ժողովրդին, մենք կորոշենք ժողովրդի փոխարեն՝  հակադարձելով. «Միշտ էլ այդպես է եղել, իրենք են կուլիսների հետևում որոշել ժողովրդի փոխարեն՝ ինչ պիտի անի ժողովուրդը, ով պետք է լինի նախագահ, ով՝ վարչապետ, ինչ օրենքներ պետք է ընդունվեն․․․ իրենք ամեն հարցում որոշել են ժողովրդի տեղը, դրա համար էլ այս վիճակում ենք  հայտնվել, պետություն չենք դարձել։ Հիմա ուզում են շարունակել նույն ոգով՝ որոշել ժողովրդի փոխարեն և ասել «ոչ»»։


Արմեն Խաչատրյանը ընդգծեց նաև, որ մինչև այժմ ընդունված Սահմանադրությունները ունեցել են լեգիտիմության լրջագույն դեֆիցիտ, ու հիմա ընձեռվել է հնարավորություն լուծելու այդ խնդիրը, թույլ տալու, որ  ժողովուրդն իր կամոք «այո» կամ «ոչ» ասի նոր Մայր օրենքին։


 

Արմեն Խաչատրյանի հետ մեր զրույցի ուշագրավ մանրամասները՝ տեսանյութում։   


Հեղինե Մանուկյան