«ՀՀ Սահմանադրությունը այդ երկրի ներքին գործն է». Բայրամովը՝ ՀՀ նոր Սահմանադրության տեքստի մասին

Այսօր Հայաստանում տեղի է ունեցել շատ կարևոր իրադարձություն. ՀՀ վարչապետը հրապարակել է նոր Սահմանադրության տեքստը՝ հանրային քննարկման համար, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Իտալիայի ԱԳՆ ղեկավար Անտոնիո Տայանիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։


«ՀՀ Սահմանադրությունը այդ երկրի ներքին գործն է։ Սակայն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը կախված է մեկ պայմանից՝ որ Հայաստանի Հիմնական օրենքից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։ Հետևաբար խաղաղության համաձայնագրի ժամկետների որոշումը մեր հնարավորություններից դուրս է՝ դա Հայաստանի ներքին գործընթացն է»,- ասել է Բայրամովը։   


Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը երկու երկրների կողմից նախաստորագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում. «Համաձայնագիրը բաց է հանրության համար, այն հրապարակվել է: Ադրբեջանի դիրքորոշումը մենք հստակ արտահայտել ենք այն ժամանակ և կրկնում ենք հիմա: Բաքուն պատրաստ է ստորագրել փաստաթուղթը մեկ պայմանով. Հայաստանի Սահմանադրությունից պետք է հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները: Թե երբ դա տեղի ունենա՝ բացառապես Հայաստանի ներքին գործն է»:


Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն ասել է, որ «ձեռնպահ կմնա Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ մեկնաբանություններից, քանի որ դա նրա ներքին գործն է: Միակ բանը, որ մեզ հետաքրքրում է, այն է, որ նոր նախագծում չլինեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ: Նոր նախագծում, ըստ ամենայնի, այդ դրույթը չկա, և մենք դա դրական ենք գնահատում»: