Վաշինգտոնը «անընդունելի» է անվանել Ադրբեջանում լրագրողների, ընդդիմադիր գործիչների և քննադատների վերջին ձերբակալությունների շարքը:
Միացյալ Նահանգները շարունակում է կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները բոլոր մարդկանց, «ներառյալ նրանց, ովքեր օգտվում են իրենց կարծիքն արտահայտելու ազատությունից»:
ԱՄՆ-ը նաև կոչ է անում «օպերատիվ» կերպով ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր ձերբակալվել են անարդարացիորեն, երկուշաբթի օրը Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Ադրբեջանում լրագրողներին, քաղաքացիական հասարակության ակտիվիստներին և ընդդիմադիր գործիչներին կալանավորելու վերջին միտումը խորապես մտահոգիչ է»,- ասել է Միլլերը՝ մեկնաբանելով Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների նախաշեմին հայտնի ընդդիմադիր Թոֆիգ Յաղուբլուի և իշխանություններին այլ քննադատողների վերջին ձերբակալությունները. «Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում մեկ տասնյակից ավելի քննադատներ են ձերբակալվել։ Սա անընդունելի է»։
Նոյեմբերից ի վեր Ադրբեջանի իշխանությունները շինծու մեղադրանքներով ձերբակալել են մեկ տասնյակից ավելի լրագրողների և կառավարության քննադատների: