Կարապետյանի տանը տեղի ունեցածը ինքնալյուստրացիա էր․ այդ ուժերը կառավարվում են Կրեմլից

Չեխիայում բնակվող քաղաքական մեկնաբան, տնտեսագետ Բագրատ Առաքելյանի հետ զրուցել ենք ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու, դրան հաջորդած հայտարարությունների և ներքաղաքական իրավիճակի մասին։ 

 

Մեր զրուցակցի խոսքով՝ ինքը հույսեր է փայփայել, որ մեզ ընդհանրապես կհեռացնեն այդ փուչ կազմակերպությունից, որը իր անվանումից սկսած,  գործերով վերջացրած՝ լրիվ սուտ է, և այդ կազմակերպությունն ընդհանրապես կոչված չէր այն թեզերին, որ իրենք հնչեցրել են և գրել իրենց կանոնադրության մեջ։

 

«Իսկ հետագայում իրենք իրենց կամքով Հայաստանին չեն էլ հեռացնի, որովհետև եթե նման բան տեղի ունենար, մյուսը առաջինը հերթի կկանգներ արդեն ԵԱՏՄ-ն։ Իրենք որոշեցին այդ հերթը չարագացնել։ Չեմ կարծում, որ իրենց քաղաքականությունը փոխելու են, բայց վերլուծելով այդ քաղաքականությունը՝  իրենք պարզապես հասկացել են, որ իրենց բոլոր գործողություններն էլ ավելի են խթանում մեր՝ դեպի ԵՄ շարժը և էլ ավելի են զայրացնում հայ ժողովդրին»,- ասաց քաղաքագետը։     

 

Բելառուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը հայտարարել է, որ նպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության փակ և գաղտնի բնույթ կրող փաստաթղթերին։ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն էլ հայտարարել է, որ «Հայաստանը շատ բան կկորցնի, եթե դուրս գա ՀԱՊԿ-ից»:

 

Այս առնչությամբ Բագրատ Առաքելյանն ասաց․ «Ախր ի սեր Աստծո, մի հատ նենց արեք, որ մենք էդ ՀԱՊԿ-ը կորցնենք, չտեսնենք, ման գանք՝ չգտնենք։ Արդեն ծիծաղելի է։ Սկզբում վախեցնում են, որ հիմա կհեռացնեն, հետո ձայնից զրկեցին, հետո ասում են՝ թույլ չենք տա, որ իրենք գաղտնի փաստաթղթերը նայեն․ չգիտեմ՝ մանկամտություն ասեմ, թե քաղաքական ապուշություն։ Չեմ ուզում վիրավորած լինել, բայց դա այնուամենայնիվ խոսում է այն մասին, որ մարդիկ, որոնք առաջնորդում են այդ կազմակերությունը, այդ պրոցեսները, վերլուծում են, մտածում են, ինչ-որ քաղաքականություն են մշակում, իրենք իրականությունից շատ հեռու են։  Իրենք նույնիսկ չեն հասկանում, չեն գիտակցում այն պրոցեսները, որոնք տեղի են ունենում Հայաստանում։ Ինչպես  չէր գիտակցում նույն Վլադիմիր Պուտինը, երբ քմծիծաղով ասում էր՝ «դե եթե ուզում եք, մենք մեր բազան էլ կհեռացնենք»։ Չհասկանալով, որ օր առաջ մեր ժողովուրդը պարզապես ուրախ կլինի, եթե այդ ռազմաբազան Հայաստանից վռնդվի»։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան