Հուսով ենք, որ շատ շուտով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման ականատեսը կլինենք. Օ՛Բրայեն
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
ԱՄՆ-ը հուսով է, որ շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում։
«Կարծում եմ, որ իսկապես կարևոր է, որ երկու երկրները խոսեն միմյանց հետ և ձեռք բերեն գործնական պայմանավորվածություններ:
Զինվորականների ազատ արձակման մասին հայտարարել էին անցյալ շաբաթ, և ահա, բառացիորեն այս շաբաթ, նրանք արդեն տանն են։
Երկրները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ցույց են տվել միմյանց աջակցությունը շատ առումներով, այդ թվում՝ իրենց միջազգային ձգտումներում, օրինակ՝ այն բանում, որ Ադրբեջանն անցկացրել է ՄԱԿ-ի կլիմայի հաջորդ համաժողովը, ինչի իրավունքն այժմ ունի»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ նման աջակցության դրսևորումը կարևոր քայլ է երկկողմ նորմալ հարաբերություններ կառուցելու ճանապարհին։
«Մենք հուսով ենք, որ շատ շուտով կողմերի խաղաղության համաձայնագրի ձեռք բերման ականատեսը կլինենք։ Այս հարցում երկու կողմերն էլ շահագրգռվածություն են հայտնել։
Մենք, ինչպես նաև Եվրամիության մեր գործընկերները և այլ կողմեր պատրաստ ենք օգնել նրանց այս հարցում։ Մենք կցանկանայինք, որ այս ամենը շուտ ավարտվեր, քանի որ խաղաղության արագ կնքումը հսկայական օգուտներ կբերի»,- ընդգծել է Օ՛Բրայենը։
Նա հիշեցրել է, որ Վաշինգտոնը բանակցությունների մի քանի փուլ է անցկացրել երկու երկրների արտգործնախարարների միջև՝ հավելելով, որ նրանք կրկին կհանդիպեն։
«Մենք պատրաստ ենք օգնելու։ Մենք երկու կողմերին կոչ ենք անում հանդիպել, և այս պահին նրանցից յուրաքանչյուրը հայտարարել է, որ պատրաստ է աշխատել այս ուղղությամբ»,- եզրափակել է նա։