Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը COP17-ի շրջանակում հանդիպել է աշխարհի տարբեր երկրներից ժամանած քաղաքապետերի, նահանգապետերի և քաղաքական ներկայացուցիչների հետ:
«Մեր քաղաքները տարբեր են, բայց շատ խնդիրներ՝ ընդհանուր։ Այս հանդիպումը հնարավորություն է փորձի փոխանակման և համատեղ լուծումների մշակման միջոցով առաջ շարժվելու դեպի ավելի կանաչ ու կայուն քաղաքներ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքապետը։

Ավինյանի փոխանցմամբ՝ նա գործընկերներին է ներկայացրել Երևանի փորձը՝ Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող համայնքային լանդշաֆտի կարգավիճակ շնորհելուց մինչև փողոցային լուսավորության անցումն էներգաարդյունավետ ԼԵԴ համակարգի։
«Կենսաբազմազանության պահպանության համաշխարհային նպատակները կյանքի են կոչվում նաև տեղական քայլերով։ Կարևոր է քաղաքների ու համայնքների ակտիվ մասնակցությունը և կոնկրետ հանձնառությունները՝ COP17-ի առաջնահերթություններն իրականություն դարձնելու գործում»,- ընդգծել է Երևանի քաղաքապետը։