«Հերի՛ք է արդեն». Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածները։


«[Նավթավերամշակման գործարանների վրա հարվածների] արգելքը հանվել է։ Հերի՛ք է արդեն»,- ասել է Ուկրաինայի նախագահը Financial Times-ին տված հարցազրույցում։


Նա նշել է, որ Ուկրաինան երեք օր չի հարձակվել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտների վրա՝ կատարելով ԱՄՆ ցանկությունը։ Միևնույն ժամանակ, Մոսկվան շարունակել է հարվածել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին, որի հետևանքով վերջին շաբաթվա ընթացքում զոհվել է ավելի քան 100 խաղաղ բնակիչ։


Զելենսկու խոսքով՝ չնայած Ուկրաինան դադարեցրել է հարվածները նավթավերամշակման գործարանների վրա, այն ԱՄՆ-ից որևէ նախազգուշացում չի ստացել ռուսական բալիստիկ հրթիռներով հարձակումների մասին։ Բացի դրանից, հիշեցրել է Ուկրաինայի նախագահը, սահմանափակվել է Starlink տերմինալների աշխատանքը։


Նա հաստատել է, որ ամերիկացիները զգուշացրել էին Ուկրաինային, որ եթե Կիևը չդադարեցնի նավթավերամշակման գործարանների վրա հարվածները, ԱՄՆ-ն կդադարեցնի հետախուզական տվյալների տրամադրումը: Զելենսկին նաև մերժել է այն վարկածը, որ Starlink-ի խնդիրները առաջացել են ինչ-որ անսարքության պատճառով: «Դա տեխնիկական խնդիր չէր, դա որոշում էր»,- ասել է նա։


Հարցին, թե հանուն Վաշինգտոնի հետ հարաբերությունների բարելավման՝ արդյոք Ուկրաինան կդադարեցնի՞ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները, նույնիսկ եթե Ռուսաստանը շարունակի իր հարձակումները, Զելենսկին պատասխանել է, որ դրան կգնա Patriot համալիրների համար հրթիռների լրացուցիչ մատակարարումների դիմաց: Նրա խոսքով՝ դա «նվազագույնն» էր, որը նա խնդրում էր։