Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները,
իրացնելով օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 23-ին մեկնել են Հովք գյուղի վարչական տարածք։
Հողի շերտը հեռացնելով երկաթե խողովակներ գողանալու պահին քրեական ոստիկանները ձերբակալել
և վարչություն են տեղափոխել Գեղարքունիքի մարզի երեք բնակչի։ Տարածքը, որտեղ աշխատում
էին երկու տրակտոր, վերցվել է հսկողության տակ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Դիլիջանի
քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ նախնական տվյալների՝ հատուկ տեխնիկայով հեռացվել է մոտ 450
մետր հողի շերտ, և զոդման միջոցով հանվել է 70 սմ տրամագծով ավելի քան 300 մետր երկաթե
խողովակ։ Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։
Հանգամանքները պարզվում են։