Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով էլեկտրամատակարարման խափանում է գրանցվել Երևանում. առանց էլեկտրաէներգիայի է մնացել շուրջ 5000 բաժանորդ, որոնց մեծ մասը՝ Կենտրոն վարչական շրջանում։
Այս մասին հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրեն Ռոմանոս Պետրոսյանը՝ նշելով, որ տեղում աշխատում են մասնագիտական բրիգադները, իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ՝ հրդեհի հետևանքները հնարավորինս սեղմ ժամկետներում վերացնելու և էլեկտրամատակարարումը լրիվ ծավալով վերականգնելու համար։
«Հաղորդում է ներկայացվել դեպքի մասին՝ հնարավոր հանցակազմի առկայությունը ստուգելու, քանի որ մեր մասնագետների համոզմամբ՝ նման ենթակայանում այս մասշտաբի հրդեհ չպետք է տեղի ունենար։ Բայց չենք բացառում որևէ տեսակի վարկած։
Հրդեհը մարելուց հետո ենթակայանում փորձաքննություն կիրականացնենք, եթե պիտանի կլինի հետագա շահագործման, ապա վերակառուցում կանենք։ Եթե պիտանի չլինի, այս հզորության ենթակայան այլ տարածքում կկառուցենք։
Երևանի քաղաքապետարանի հետ աշխատանքներ ենք տանում, որպեսզի Մոնթե Մելքոնյան մայրուղու շրջակայքում հողատարածք ձեռք բերենք ու բարձր լարման խոշոր՝ ժամանակակից ենթակայան կառուցենք»,-ասել է նա։