«Ուժեղ Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջը թերթելիս տպավորություն է, թե տիկնայք և պարոնայք «ուժեղներն» ու «ուժեղուհիները» «Ամերիկա են հայտնաբերել»։ Հայտնի անեկդոտի հերոսի պես՝ էս վերջերս միտինգի տեղն են իմացել, որ Ամերիկա, ներողություն՝ Տիգրանաշեն՝ Քյարքի անունով բնակավայր կա ՀՀ-ում ու ջրի ճամփա են սարքել այդ համայնքի ճամփան։ Հագնում են իրենց «գյուղ գնալու» շորերը, նստում ավտոբուս, գնում, հանդիպում տեղի բնակիչներին, ճոխ ու պերճ խոստումներ տալիս, թե՝ տուրիստական ծրագիր կիրականացնեն, մի խոսքով՝ կանեն իշխանությունների պլանավորածի հակառակը։ Իզուր չէ, որ անընդհատ թմբկահարում են՝ իշխանությունը Տիգրանաշենը «հանձնելու» ծրագիր ունի, իսկ մենք՝ զարգացման։ Հարց է ծագում՝ «միլիարդների վրա քնած» ու տարատեսակ բիզնեսներ ունեցող Կարապետյան ընտանիքը ինչո՞ւ մինչև այժմ ներդրումային որևէ ծրագիր չի իրականացրել հենց Տիգրանաշենում։ Ասենք, որևէ գործարան չի կառուցել, դիցուք՝ գյուղմթերքի վերամշակման, կամ, ասենք, որևէ ժամանցի կենտրոն՝ նպաստելով համայնքի տուրիստական գրավչությանը։ Եվ վերջիվերջո, ինչո՞ւ մինչև հիմա մի կարմիր կոմբայն էլ սույն համայնքին չեն նվիրել, ինչպես, օրինակ, խորհրդարանական ընտրություններից հետո Լոռու Գյուլագարակ, Կուրթան և Գարգառ համայնքներին։
Միով բանիվ, Տիգրանաշենը առնվազն
երեք տասնամյակ ՀՀ վերահսկողության տակ է, ո՞վ էր բռնել Կարապետյանների ձեռքը կամ ոտքը ու չէր թողնում իրենց միլիոնների ծախսման կամ ներդրման համար
վայր դարձնել հիշյալ բնակավայրը։ Ու հիմա, փաստորեն, մտնելով քաղաքականություն ու ստանձնելով
մանդատներ՝ այս ուժը որոշել է ինքնահաստատվել՝ փորձելով մտնել «հող չտվող»-ի իմիջի
մեջ։ Այն դեպքում, երբ ՀՀ սուվերեն տարածքի՝ 29 հազար 743 քառ․ կմ տարածքի մեջ Տիգրանաշենը՝
Քյարքին, չի մտնում։ Ի դեպ, մինչև այժմ որևէ «ուժեղական» այդպես էլ հոդաբաշխ պատասխան
չի տվել պարզ մի հարցի՝ անկլավների հարցում ինչպիսի՞ դիրքորոշում ունեն՝ կո՞ղմ են, որ Արծվաշենը՝ Ադրբեջանի ենթակայության տակ գտնվող
ՀՀ տարածքը մնա Ադրբեջանին՝ Քյարքիի դիմաց, թե՞ «հող չտվողի» իրենց իմիջից դրդված պահանջում են, որ համ Արծվաշենը վերադարձվի, համ էլ Տիգրանաշենը մնա
մեզ։ Սպասում ենք պատասխանի։