ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության Տնտեսական, էներգետիկ և գործարար հարցերի բյուրոյի Էներգետիկ մատակարարման շղթաների գրասենյակի տնօրեն Փոլ Հյուպերի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:
Հանդիպման առանցքում 2026 թվականին Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կնքված՝ կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման, մշակման և մատակարարման ապահովման շրջանակային հուշագրի հիման վրա համագործակցության խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցերն էին։
Քննարկումների ընթացքում կողմերն անդրադարձել են երկրաբանական տվյալների և մասնագիտական փորձի փոխանակմանը, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ երկրաբանական քարտեզագրմանը, տեխնիկական կարողությունների զարգացմանը, ինչպես նաև Հայաստանի հանքային ռեսուրսների ուսումնասիրման, արդյունահանման, տարանջատման և վերամշակման, հանքարդյունաբերական տարածքների վերականգնման ծրագրերի ուղղություններով համագործակցության հնարավորություններին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ավելացված արժեք ստեղծող մշակման կարողությունների զարգացմանը։
Կողմերն անդրադարձել են նաև ոլորտային համագործակցության ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդմանը, համապատասխան պետական կառույցների միջև գործնական փոխգործակցության ընդլայնմանը, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի փոխանակմանն ու մասնագիտական կարողությունների զարգացմանը։
Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են տարածաշրջանային և միջազգային մատակարարման շղթաների դիմակայունության բարձրացումը և կարևորագույն հանքանյութերի հասանելիության ապահովումը՝ վերահաստատելով ոլորտում երկխոսությունն ու գործնական համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։