Վերին Լարսով երթևեկությունը դադարեցվել է ահազանգի պատճառով

Վերին Լարս-Դարիալի անցակետով ավտոտրանսպորտային հաղորդակցությունն ուրբաթ առավոտյան դադարեցվել է, հայտնում են Վրաստանի ներքին գործերի նախարարությունից։ Պատճառը Դևդորակի կիրճում տեղադրված վտանգի ազդարարման համակարգի ահազանգն է, որը ֆիքսել է գետի ջրի մակարդակի բարձրացում։


Գերատեսչության տվյալներով՝ տագնապի ազդանշանը ստացվել է վաղ ազդարարման համակարգից, որը ֆիքսում է գետի հունի փոփոխությունները ջրի մակարդակի նվազագույն բարձրացման դեպքում:

Արձանագրության համաձայն՝ Դարիալի սահմանային անցակետում գտնվող քաղաքացիները, ինչպես նաև ոստիկանության, սահմանապահ ոստիկանության և մասնավոր ընկերության աշխատակիցներն էվակուացվել են անվտանգ վայր: Միաժամանակ, կանխարգելիչ նպատակներով ժամանակավորապես սահմանափակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը երկու ուղղություններով:


Դևդորակի կիրճում նմանատիպ տագնապի ազդանշան ստացվել էր նաև մի քանի շաբաթ առաջ, ինչի հետևանքով երթևեկությունը դադարեցվել էր մի քանի ժամով: